Գլխավոր Լրահոս

Իրանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին. նախկին փոխնախարար

Իրանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին, կարծում է էներգետիկայի ոլորտի մասնագետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ 

Երեքշաբթի Երևանում Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկմանը Վարդանյանն ասաց, որ իրանական գազը գրեթե կրկնակի թանկ է Հայաստանի համար, քան ռուսականը։ 

Ներկայում Հայաստանը գազ է ներկրում Ռուսաստանից՝ 165 դոլար 1000 խմ-ի համար գնով։ Հայաստան մտնող ռուսական գազի գինը հաշվարկվում է ըստ ջերմատվության (կալորիականության), և ամսական փաստացի գինը տատանվում է 170 դոլարի սահմաններում։ 

Հակոբ Վարդանյանի խոսքով՝ գազի ներկրման առումով Իրանը չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին, որովհետև Հայաստանը ձմեռվա ամիսներին՝ առնվազն չորս ամիս, Իրանից գազի ներմուծման տեխնիկական խնդիր ունի։ Իրանի հյուսիսային հատվածներում, ըստ Վարդանյանի, չկան բավարար քանակի հզորություններ գազի մատակարարման համար։

Հայաստանը Իրանից գազ ներկրում է Իրան-Հայաստան գազամուղով, որը շահագործման է հանձնվել 2007-ին։ Գազատարը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը ռուսական հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է Հայաստանում և Հայաստանի գազաբաշխիչ ցանցի մենաշնորհատերն է։

Իրան-Հայաստան գազատարը 140 կմ երկարությամբ խողովակաշար է, որը ձգվում է Իրանից Հայաստան։ Իրանյան հատվանծը ունի 100 կմ երկարություն, որ ձգվում է Թավրիզից մինչև Իրան-Հայաստան սահմանը։ Հայկական հատվածը ձգվում է Մեղրիից Սպանդարյան։

Հայաստանի ու Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը Իրանից ներկրված յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց վերադարձնում է 3  Կվտ/ժ էլեկտրաէներգիա։ 

Հակոբ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի գազի օրական պահանջարկը ձմեռվա ամիսներին 12-16 մլն խմ է, և Հայաստան-Իրան գազատարի շահագործումից ի վեր ներկրված առավելագույն ծավալը եղել է օրական 4,5 մլն խմ։ Գազատարի առավելագույն թողունակությունը 6 մլն խմ է։

Վարդանյանը նշում է, որ անգամ 4,5 մլն խմ գազը Իրանից ներկրելը եղել է բարդ, հատկապես ցուրտ ամիսներին. «Նույնիսկ ամառը, այսինքն՝ գազի ցածր սպառման ամիսներին, Իրանից հնարավոր չի եղել այդպիսի երկարաժամկետ ներկրումներ ապահովել»։ 

Ընդգծելով, որ իրանական գազը մոտ երկու անգամ թանկ է, քան ռուսականը՝ Վարդանյանն ասաց, որ իրանական գործընկերները միշտ օրինակ են բերել, որ իրենք մեզ չեն կարող գազ վաճառել ավելի էժան, քան վաճառում են Թուրքիային, որովհետև Թուրքիային շատ ավելի մեծ ծավալներ են մատակարարում։ Իրանական գազի կալորիականությունը ևս մոտ 6 տոկոսով ցածր է ռուսականինից։

Վարդանյանի խոսքով՝ եթե անգամ ռուսական գազը թանկանա Հայաստանի համար, հազիվ թե ավելի թանկ լինի իրանականից։ Նա նշում է նաև իրանական գազի տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրները. «Եթե տեխնիկապես համարենք, որ իրենք կարող են մեզ յոթ-ութ ամիս մատակարարել 4-4,5 մլն խմ գազ՝ ռուսական այսօրվա գնով, ձմեռվա ամիսներին մենք կունենանք խնդիր։ 

Հայաստանը Բելառուսից հետո ռուսական գազը ամենաէժան ձեռք բերող երկիրն է։ Մեկնաբաններից շատերը ռուսական գազի էժան լինելը համարում են քաղաքական գին. Մոսկվան իր արտաքին քաղաքականության մեջ մեծապես ապավինում է գազի գործոնին։

Ամբողջական քննարկումը դիտեք այստեղ`

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում