Շավարշ Կարապետյանն ու Արամ MP3-ն՝ կեղծ տեսանյութերի թիրախում

Հայկ Հովհաննիսյան
Սոցցանցերում շարունակում են տարածվել արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութեր՝ հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Այս անգամ զեղծարարների թիրախում են հայտնվել աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը և երգիչ, շոումեն Արամ Սարգսյանը (Արամ MP3)։
Կեղծ տեսանյութերը կառուցված են արդեն ծանոթ սխեմայով. վստահություն ներշնչելու համար սկզբում օգտագործվում են հայաստանյան լրատվամիջոցների թողարկումներից մոնտաժված կադրեր, որից հետո հայտնի անձանց դիփֆեյքերի միջոցով գովազդվում են «հրաշագործ» դեղամիջոցներ կամ եկամտաբեր «գաղտնի ֆինանսական հարթակներ»։

Շավարշ Կարապետյանը «հրաշք գելի» միջոցով «փրկվում է հաշմանդամի սայլակից»
Այսպես, Շավարշ Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութը սկսվում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկումից մի հատվածով, որտեղ հաղորդավար Լիլիթ Աղբալյանը ռուսերենով իբր ներկայացնում է սկանդալային միջադեպ։ Ըստ կեղծ պատմության՝ Կարապետյանը «բռունցքներով հարձակվել է մի խումբ դեղագործների վրա» և նրանց անվանել «սպիտակ խալաթներով ավազակներ» այն բանից հետո, երբ վերջիններս փորձել են արգելել «դոկտոր Շիշոնինի դեղամիջոցը»։
Այնուհետև տեսանյութում հայտնվում է Շավարշ Կարապետյանի դիփֆեյքը, որը պատմում է, թե այդ միջոցն իրեն «անձամբ փրկել է հաշմանդամի սայլակից»։ Նա նկարագրում է, թե ինչպես է տառապել մեջքի ցավերից, արթրիտից և նյարդերի ճզմումից, մինչև գտել է այդ «հրաշագործ» միջոցը։
Տեսանյութում հայտնվում է նաև ինքը՝ դոկտոր Շիշոնինը, որը պնդում է, թե իր գելն «իսկապես աշխատում է», և այդ պատճառով «կոռումպացված պաշտոնյաներն ու լոբբիստները» ցանկանում են այն արգելել, քանի որ «իրական արդյունք տվող բուժումը ձեռնտու չէ դեղատներին»։ Խոստումները գրավիչ են՝ երեք օրում ամբողջությամբ վերացնել ցավը և վերականգնել հոդերն առանց վիրահատությունների ու թանկարժեք դեղերի։
Շավարշ Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութին կցված հղումը տանում է կեղծ կայք, որտեղ վաճառվում է «հոդացավերը բուժող» քսուք։ Նշվում է, որ դեղամիջոցը «սահմանափակ քանակով է», և գործում են «հատուկ զեղչեր»՝ մարդկանց գնում կատարելուն շտապեցնելու համար։

Նախկինում հաղորդավար Լիլիթ Աղբալյանի մասնակցությամբ նույն կադրերը օգտագործվել էին համանման մեկ այլ կեղծ տեսանյութում, որտեղ արդեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն էր պատմում իրեն «փրկած դեղամիջոցի» մասին։
Տես՝ «Արթուր Ալեքսանյանը և Ֆարուխ Զաքիրովը «հրաշք» դեղամիջոց չեն գովազդում»
Արամ MP3-ի դեմ «մահափորձ»՝ «գաղտնի ֆինանսական հարթակի» պատճառով
Արամ MP3-ի մասնակցությամբ տեսանյութում օգտագործվում են «1in.am» լրատվականի «Կեսօրից առաջ և հետո» հաղորդման կադրերը՝ հաղորդավար Սիրանուշ Պապյանի մասնակցությամբ։ Կեղծ լուրը հայտնում է, թե երգչի դեմ «մահափորձ» է կատարվել այն բանից հետո, երբ նա «սկանդալային հարցազրույցում» բացահայտել է «փակ ֆինանսական հարթակի» մասին։
Այնուհետև Արամ MP3-ի կրկնօրինակված ձայնը պատմում է, որ այդ հարթակը «ոչ մի կապ չունի բանկերի, կրիպտոյի կամ թրեյդինգի հետ»։ Նա պնդում է, որ եթե չունենար այդ համակարգի հասանելիությունը, «մինչև հիմա համերգից համերգ կապրեր»։ Օգտատերերին ուղղորդում են սեղմել հղմանն ու գրանցվել՝ «իրենց կյանքը փոխելու համար»։
Տեսանյութը փորձում է ստեղծել նաև հրատապության ու բացառիկության զգացում՝ նշելով, որ հարթակը նախկինում հասանելի է եղել «միայն նեղ շրջանակների», իսկ այժմ «փորձեր են արվում սահմանափակել դրա հասանելիությունը»։ Սա դասական հնարք է, որի նպատակը մարդկանց արագ ու առանց երկար մտածելու գործելու դրդելն է։
Արամ MP3-ի մասնակցությամբ տեսանյութը տանում է դեպի կեղծ ֆինանսական հարթակ, որտեղ խոստանում են «հեշտ և արագ եկամուտ»։ Այս հարթակները պահանջում են անձնական տվյալներ և սկզբնական ներդրումներ՝ հետագայում դրամական միջոցները յուրացնելու նպատակով։

Արամ MP3-ին մասնակցությամբ նախկինում էլ կեղծ գովազդային տեսանյութեր էին տարածվել, ինչին #CivilNetCheck-ը անդրադարձել էր։
Տես՝ «Հայտնի անձանց դիփֆեյքերը գովազդում են կեղծ ներդրումներ և կասկածելի դեղամիջոցներ»
Այսպիսով, գովազդային գրառումներով տարածվող երկու տեսանյութերն էլ կեղծ են։ Դրանք ստեղծվել են՝ օգտագործելով հայտնի մարդկանց կերպարներն ու մեծ տարածում ունեցող լրատվամիջոցների կադրերը՝ մարդկանցից գումար հափշտակելու նպատակով։
#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նմանատիպ խարդախություններին, որտեղ օգտագործվել են Արթուր Ալեքսանյանի, Պավել Վոլյայի, Կարինե Սարգսյանի և այլ հայտնի դեմքերի դիփֆեյքերը։ Զեղծարարների նպատակը մեկն է՝ վաճառել կասկածելի արդյունավետությամբ ապրանքներ կամ տիրանալ քաղաքացիների անձնական և ֆինանսական տվյալներին։
Թեմա
CivilNetCheck










