Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղի» և կեղծ բանկային ներդրումներ. խարդախները կրկին թիրախավորում են հայաստանցիներին

«Թրամփի ուղի» և կեղծ բանկային ներդրումներ. խարդախները կրկին թիրախավորում են հայաստանցիներին

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գովազդային հոլովակներ, որոնք հայաստանցիներին խոստանում են մեծ եկամուտներ «Թրամփի ուղի» (TRIPP) տարածաշրջանային նախագծում։ Միաժամանակ տարածվում է նաև խարդախություն հայկական բանկերին նմանակող կեղծ կայքերի միջոցով։

News Digest ֆեյսբուքյան էջը վերջին շրջանում տարածում է տեսանյութեր, այսպես կոչված, TRIPP AM ներդրումային հարթակի մասին։ Տեսանյութերից մեկում պնդվում է, թե օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված «Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity - TRIPP) նախագծի հիման վրա ստեղծվել է ներդրումային հարթակ՝ հատուկ հայաստանցիների համար։

«Հայաստանի միջով բացվում է նոր առևտրային միջանցք, և TRIPP AM-ը դառնում է դրա հիմքը։ Նրանք, ովքեր կմիանան հիմա, կստանան առավելագույն պայմաններ»,- ասվում է ռուսերեն տեսանյութում։

Տեսանյութում՝ News Digest-ի TRIPP AM հարթակի գովազդը

Իրականում սա խարդախություն է. #CivilNetCheck-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածվող գովազդային արշավը և բացահայտել դրա հետևում թաքնված մեխանիզմները։

TRIPP AM անունով նոր խարդախությունը

News Digest էջը միայն վերջին մի քանի օրերի ընթացքում հրապարակել է տասնյակից ավելի գովազդային գրառումներ։ Ըստ Meta-ի «Թափանցիկություն» բաժնի տվյալների՝ էջի տեղադրած գովազդները թիրախավորում են 18 տարեկանից բարձր հայաստանցի օգտատերերին, որոնք հետաքրքրված են ֆինանսական ծառայություններով։

Էկրանապատկերում՝ News Digest էջի գովազդային հրապարակումները

Գովազդների միջոցով տարածվող տեսանյութերին կցված հղումը տանում է կեղծ կայք՝ paroventino[.]click հասցեով, որը ներկայանում է TRIPP AM անվանումով։ Կայքում խոստանում են «վաղ ներդրողներին էքսկլյուզիվ պայմաններ և առավելագույն շահույթ»։

Կայքի բովանդակությունը կառուցված է ներդրումային խաբեության դասական սխեմայով՝ արագ եկամուտների խոստումներ, անհայտ և հորինված անձանց «հաջողության պատմություններ» և կեղծ վիճակագրություն՝ իբր հազարավոր ներդրողների մասնակցության և շահույթի մասին։

Էկրանապատկերում՝ TRIPP AM կեղծ կայքը

Կայքի իրական նպատակը օգտատերերի անձնական տվյալների՝ անուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե, հավաքագրումն է։ Տվյալները լրացնելուց հետո խարդախները զանգահարում են զոհերին և ներկայանում որպես «ներդրումային խորհրդատուներ»՝ պահանջելով գումար փոխանցել։

Կայքում հետադարձ կապի համար նշված է հայկական հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և Երևանում գործունեության հասցե, սակայն #CivilNetCheck-ը պարզել է, որ այս կոնտակտային տվյալներից ոչ մեկն իրական չէ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը նախկինում արդեն անդրադարձել է TRIPP AM անունով կեղծ ներդրումային հարթակին։ Վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ այս ներդրումային նախագիծը կեղծ է և որևէ կապ չունի իրական TRIPP ենթակառուցվածքային նախագծի հետ:

Տես՝ Կեղծ Tripp.am ներդրումային հարթակը շահարկում է «Թրամփի ուղի» նախագիծը

News Digest էջը ստեղծվել է 2025-ի հոկտեմբերի 7-ին։ Ըստ էջի «Թափանցիկություն» բաժնի տվյալների՝ այն կառավարվում է Ուկրաինայից։ Մեր հրապարակումից հետո նախորդ էջը բլոկավորվել էր, սակայն խարդախները շարունակում են ստեղծել նոր էջեր և դոմեններ՝ Meta-ի արգելափակումներից խուսափելու համար։

Թիրախում են նաև հայկական բանկերը

News Digest էջը դեկտեմբերի 12-ին տարածել է նաև IDBank-ի և Ameriabank-ի անուններից գովազդներ։ Արհեստական բանականության գործիքներով պատրաստված տեսանյութերում պնդվում է, թե բանկերը գործարկել են ներդրումային հարթակներ։

«Գործարկել է ներդրումային հարթակ Հայաստանի քաղաքացիների համար։ Հարթակն արհեստական բանականության միջոցով ավտոմատ փնտրում է համապատասխան գործարքներ՝ հիմնվելով շուկայի վերլուծության վրա»,- ասվում է տեսանյութերից մեկում։

Տեսանյութում՝ IDBank-ի անունը շահարկող գովազդը:

Գովազդներին կցված հղումները տանում են toraventuno[.]site և paroventino[.]click հասցեներով կասկածելի կայքեր, որոնք նմանակում են բանկերի դիզայնը։ Կայքերում օգտատերերին առաջարկվում է անցնել հարցաշար՝ լրացնելով տարիքի, ֆինանսական նպատակների և ներդրումային պատրաստակամության մասին տվյալներ։ Հարցաշարն ավարտելուց հետո պահանջվում է թողնել հեռախոսահամար և անուն։

Էկրանապատկերում՝ IDBank-ի անունից հանդես եկող կեղծ կայքը:

Տվյալները ստանալուց հետո խարդախները զանգահարում են և ներկայանում որպես բանկի աշխատակիցներ կամ ֆինանսական խորհրդատուներ։ Նրանք տարբեր պատրվակներով պահանջում են փոխանցել գումար՝ «հաշիվը լիցքավորելու», «բոնուսը ակտիվացնելու» կամ «նվազագույն ներդրում կատարելու» համար։ Զոհից հնարավորինս շատ գումար կորզելուց հետո խարդախները անհետանում են։

IDBank-ը դեկտեմբերի 12-ին պաշտոնապես զգուշացրել է, որ սոցցանցերում տարածվող տեսանյութը կեղծ է և բանկը որևէ ներդրումային հարթակ չի գործարկել։ Բանկը կոչ է արել անտեսել նման գովազդները և չտրամադրել անձնական տվյալներ։

Տես՝ Զեղծարարները deepfake-ով թիրախավորում են օգտատերերին․ IDBank-ի անունը կրկին շահարկվում է

Նույնատիպ սխեմաներով շահարկվել են նաև Ameriabank-ի, Ardshinbank-ի և այլ բանկերի անունները։ #CivilNetCheck-ը բազմիցս տեղեկացրել է այդ դեպքերի մասին՝ արձանագրելով, որ խարդախները օգտագործում են նույն դիզայնով կայքեր, տարբեր դոմեյններ և նույնատիպ սցենարներ։

Էկրանապատկերում՝ Ameriabank-ի անունը շահարկող գովազդը

Տես՝ Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից

Այսպիսով, News Digest ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող՝ TRIPP-ի, IDBank-ի և Ameriabank-ի անուններով ներդրումային հարթակները կեղծ են և ֆինանսական խարդախության փորձեր են։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում