Սիրիայում երկշաբաթյա ռազմական բախումները կառավարական ուժերի ու քրդական ջոկատների միջև ավարտվեցին։
Կողմերն ամերիկյան միջնորդությամբ հրադադարի հասան, իսկ Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարան 14 կետանոց համաձայնություն ներկայացնելով՝ փաստացի Սիրիայի քրդերին ինտեգրելու նպատակ է դրել։
Փաստաթուղթը ստորագրելու համար Ալ Շարան Դամասկոս է հրավիրել քրդական զինված խմբավորումների ղեկավար Մազլում Աբդիին։
Այս համաձայնությունն ինչ-որ առումով վերջնագիր է և նման է 2025-ի մարտի փաստաթղթին, որով քրդական կողմը պարտավորվել էր ինտեգրվել մինչև տարվա վերջ։ Սակայն ինչպես ենթադրելի էր գործընթացը ձգձգվեց․ նախ ոչ բոլորն քրդերն են ցանկանում ինտեգրացիա, և հետո՝ պարզ չէին քրդական ուժային կառույցների ապագան։
Բայց քրդերը հիմա ավելի ծանր վիճակում են, քան մեկ տարի առաջ։ Այս բախումների հետևանքով՝ քրդերը կորցրին մեծ թվով տարածքներ՝ հիմնականում պարփակվելով Ղամիշլիում, Հասակեում, Քոբանիում՝ Սիրիայի կառավարությանն ու տեղի արաբական խմբերին՝ զիջելով նավթաբեր խոշոր տարածքները։
Քրդերի ծանր կացությունը պայմանավորված է նաև միջազգային աջակցության բացակայությամբ։ Վաշինգտոնը կարծես մեծ հույսեր է կապում միասնական Սիրիայի հարցում, իսկ վերջերս նպաստել է նաև Սիրիայի ու Իսրայելի երկխոսությանը Փարիզում։ Դրա հետևանքով՝ քրդերը կորցրին նաև Իսրայելի հավանական օգնությունը։ Անշուշտ, ուշագրավ է նաև Թուրքիայի գործոնը, որն ամենաշատն է շահագրգռված քրդական հարցի փակմամբ ու միասնական Սիրիայի ստեղծմամբ։
Հետևաբար՝ քրդերին սպասում է ծանր որոշում, քանզի համաձայնության այլընտրանքը պատերազմն է՝ ավելի ծանր պայմաններով։ Փոխարենը Սիրիան պատրաստ է նրանց տրամադրել մշակութային որոշ արտոնություններ՝ օրինակ քրդերենը ճանաչել պաշտոնական լեզու։
Civilnet



