Գլխավոր Լրահոս

Հումորային տեսանյութերով տարածվող ապատեղեկատվությունը․  ինչպես են մոլորեցնում օգտատերերին

Հումորային տեսանյութերով տարածվող ապատեղեկատվությունը․  ինչպես են մոլորեցնում օգտատերերին

Սոցցանցերում վերջին ամիսներին լայն տարածում են ստանում արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված կամ խմբագրված քաղաքական բնույթի հումորային կարճ տեսանյութեր (reel-եր) տարածող էջերը։ Երգիծական բովանդակությանը զուգահեռ դրանք հաճախ հրապարակում են նաև կեղծ լուրեր կամ կիսաճշմարտություններ։

Նման էջերից է 2025-ի մարտին ստեղծված ar-medianews ինստագրամյան էջը։ Այն տարածել է կարճ տեսանյութ, որտեղ պնդվում է, թե հայ-թուրքական ֆիլմաշար է նկարահանվում՝ «Կամուրջներ անդունդի վրայով», որն իբրև հիմնված է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և թուրք դերասան Ջան Յամանի սիրային կապի վրա։ 

Տեսանյութում նշվում է, որ ֆիլմաշարը սիրային դրամա է՝ սահմաններ հաղթահարող սյուժեով, որի համար վճարել է նաև հայկական կողմը՝ «Աննա Հակոբյանի հիմնադրամի միջոցով»։ 

«Գլխավոր հերոս Արամը, որին մարմնավորում է Յամանը, ժամանում է Երևան՝ սահմանամերձ կամուրջը վերանորոգելու և հանդիպում հայուհի Էլենին»,- ասվում է տեսանյութում։

Տեսանյութը ինստագրամում հավաքել է ավելի քան 6000 հավանում։ Սակայն այս տեղեկությունն ամբողջությամբ հորինված է։ 

#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է ar-medianews-ին կողմից տարածվող կեղծ տեղեկություններին։ Էջը, փաստացի, շարունակում է տարածել կեղծ ու մոլորեցնող բովանդակություն։

Վարչապետի 150,000 դոլար աշխատավարձից մինչև Հայաստանում մզկիթների կառուցում. էջի տարածած կեղծ լուրերը

ar-medianews ինստագրամյան էջը թափանցիկության տվյալների համաձայն կառավարվում է Ռուսաստանից։ Էջում հրապարակված տեսանյութերը հիմնականում ուղեկցվում են ռուսերեն ձայնով և տեքստով։

Սկզբնական շրջանում էջը ԱԲ-ով ստեղծված կամ խմբագրված տեսանյութերի նկարագրության պիտակներում (hashtag) հաճախ օգտագործում էր «հումոր» բառը, սակայն վերջին ամիսներին այդ պիտակներն այլևս չեն օգտագործվում։

էկրանապատկերը՝ ar-medianews-ի հրապարակումներից

Այսպես, 2025-ի նոյեմբերի 21-ին հրապարակված տեսանյութում թվարկվում են «ամենաթանկ և ամենաանպիտան երևույթները», որոնց թվում նշվում է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը, որը, ըստ տեսանյութի, կազմում է ամսական 150,000 դոլար (57 մլն դրամ)։

Օրենքով պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձի և սահմանված գործակցի արտադրյալով։ 2025-ին բազային աշխատավարձը կազմել է 83 200 դրամ, վարչապետի պաշտոնի դրույքաչափի գործակիցը՝ 19, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1.6 մլն դրա (ներառված չեն պարգևավճարները)՝ շուրջ 40 անգամ պակաս տեսանյութում նշված թվից։

Նոյեմբերի էջը տարածել է մեկ այլ տեսանյութ, որում ասվում է, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը պահանջել է Հայաստանում կառուցել առնվազն 10 մզկիթ՝ որպես հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց բարի կամքի դրսևորում։

Այս տեղեկությունն էլ ամբողջությամբ կեղծ է։ Այն հերքվել էր ՀՀ- կողմից։ Այս տեղեկությունը սկզբնապես տարածել էր թուրքական ODA TV կայքը, ինչին #CivilNetCheck-ն անդրադարձել է։

Տես՝ 10 մզկիթ Էրդողանի խնդրանքով. հերթական ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ

Մեկ այլ տեսանյութում պնդվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելել է Հիսուսի արձանի կառուցումը։ Ավելին, ըստ տեսանյութի, Փաշինյանը արձանը կառուցելու ծրագրի հովանավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դատի է տալիս, քանի որ վերջինս ընդդիմադիր է։ 

Այսպիսով, ar-medianews ինստագրամյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն համակարգված կերպով տարածում է կեղծ և մոլորեցնող տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես հումորային կամ երգիծական բովանդակություն։ Էջի հրապարակումները ներառում են ինչպես ամբողջությամբ հորինված պատմություններ, այնպես էլ իրական փաստերի աղավաղված ներկայացումներ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում