Գլխավոր Լրահոս

Միքայել արք. Աջապահյանի հիվանդանոցային լուսանկարը կեղծ է

Միքայել արք. Աջապահյանի հիվանդանոցային լուսանկարը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հունվարի 26-ից շրջանառվում է լուսանկար, որտեղ իբր պատկերված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ հիվանդանոցում ոստիկանների կողմից բռնի ուժով տեղափոխելու պահին։ 

Համացանցում պատկերը ժամանակագրորեն առաջինը հրապարակվել է Anna Oganezova անունով օգտատիրոջ կողմից։ Էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կեղծ է և տարածում է քաղաքական բնույթի բովանդակություն։ Այնուհետև նույն լուսանկարը սեփական էջերում վերահրապարակել են մի շարք օգտատերեր, այդ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով այն որպես իրական։

Էկրանապատկերում՝ լայն տարածում ստացած գրառումները

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածվող լուսանկարը և պարզել, որ այն ստեղծված է արհեստական բանականությամբ։

Արհեստական բանականության հետքերը՝ կեղծ պատկերում

Լուսանկարի մանրակրկիտ զննումը ցույց է տալիս, որ այն կեղծ է և ստեղծվել է արհեստական բանականության (AI) գործիքների միջոցով։ Պատկերում առկա են տեսողական բազմաթիվ անճշտություններ, որոնք բնորոշ են AI պատկերի ստեղծման մոդելներին։

Ամենաակնհայտ անհամապատասխանությունը պատկերված միջավայրն է։ Պատկերում, կարծես թե, հիվանդանոցի միջանցք է, որտեղ անտրամաբանականորեն տեղակայված են մահճակալներ, իսկ միջանցքի խորքում երևում է եկեղեցական խորան և ընթացող ժամերգություն։

Էկրանապատկերում՝ AI-ով ստեղծված կեղծ լուսանկարը

Ոստիկանների համազգեստը ևս չի համապատասխանում Հայաստանի ոստիկանության կամ այլ ուժայինների համազգեստներին, իսկ թևերին պատկերված դրոշներն ու տարբերանշանները աղավաղված են։ Բացի այդ, պատկերում ձեռքերն ու մատներն ունեն անբնական դասավորություն և ձևախեղումներ, ինչը արհեստական բանականության պատկերների գեներացման ամենատարածված տեխնիկական թերություններից է։

Hive Moderation մասնագիտացված հարթակի վերլուծությունը հաստատել է, որ պատկերը 99.9% հավանականությամբ ստեղծվել է AI-ի միջոցով, ամենայն հավանականությամբ՝ GPT Image 1.5 Model-ով։ Միևնույն ժամանակ, Gemini SynthID համակարգի ստուգումը ցույց է տվել, որ լուսանկարը չի գեներացվել Google-ի Imagen կամ Nano banana գործիքներով։

Էկրանապատկերում՝ Hive Moderation համակարգի ստուգման արդյունքը

Որտե՞ղ է հիմա Միքայել Սրբազանը

Չնայած շրջանառվող պատկերները կեղծ են, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իրականում գտնվում է անազատության մեջ և ունի առողջական խնդիրներ։ Սրբազանը ձերբակալվել էր 2025-ի հունիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքով։ 2025-ի հոկտեմբերին նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Տես՝ «Երբ օրենքը տարբեր կիրառում ունի. խտրական ազատազրկումների շուրջ»

Ներկայում գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացում՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով պատժի խստացում մինչև 2.5 տարի։

Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա 2025-ի դեկտեմբերի 16-ից Սրբազանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Դեկտեմբերի 26-ին հոգևորականը ենթարկվել է անհետաձգելի վիրահատության և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ հետվիրահատական վերականգնողական փուլում։ 

Այսպիսով, սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք պատկերում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հիվանդանոցում ոստիկանների կողմից իրականացվող բռնություններ, ստեղծած են արհեստական բանականությամբ և որևէ կապ չունեն իրականության հետ։ 

Կարդա նաև՝ «Մադուրոյի կնոջ՝ դատարանում արված լուսանկարը կեղծ է»

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում