Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում հայտարարել է, որ այսուհետ Gmail-ի օգնությամբ հնարավոր կլինի նաև գումար ուղարկել: Ինչպես հաղորդում է BusinessInsider-ը, դրա համար անհրաժեշտ կլինի Google Wallet էլեկտրոնային դրամապանակը:
Google Wallet ծառայության օգնությամբ էլեկտրոնային նամակին հնարավոր է կցել գումար, ճիշտ այնպես, ինչպես փաստաթղթերի դեպքում է: Gmail-ի ինտերֆեյսի ստորին մասում դոլարի տեսքով լրացուցիչ ստեղն կավելանա, որը նախատեսված է գումարի ամրակցման համար:
Google-ը կստանա յուրաքանչյուր նման փոխգործարքի 2,9%-ը: Էլեկտրոնային նամակին ամրակցվող գումարի նվազագույն չափը կկազմի 30 ցենտ:
Հատկանշական է, որ Gmail-ով հնարավոր կլինի գումարներ փոխանցել նաև այն օգտատերերին, որոնք չունեն Google Wallet: Գումարը ստանալու համար նրանք ստիպված կլինեն գրանցվել ծառայությունում: Այսպիսով Google-ը միաժամանակ հնարավորություն կունենա ավելի ճանաչված դարձնել իր էլեկտրոնային դրամապանակը:
Civilnet




