Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Project Loon փորձնական նախագծի մեկնարկի մասին, հաղորդում է Verge-ը:
Project Loon-ի համաձայն` 20 կմ բարձրությամբ օդային տարածք ուղարկված օդապարիկներն ալնար ինտերնետ կտրամադրեն բնակիչներին: Նախագծի նպատակն է ինտերնետ ապահովել երկրագնդի այն կետերում, որտեղ համացանցը մատչելի չէ:
Օդապարիկների շառավիղը կազմում է 15 մ, որի ստորին հատվածում ամրակցված են էլեկտրոնային սարքավորումներ` ռադիոհաղորդիչներ, բորտային համակարգիչ, արևային հարթակներ և բարոմետրային կարգավորիչ, որը պետք է հետևի օդապարիկի բարձրությանը: Յուրաքանչյուր օդապարիկ, որը հնարավորություն ունի անլար ինտերնետ ապահովել մինչև 40 կմ շառավղով, նախատեսված է մոտ 100 օր թռչելու համար:
Օդապարիկները կառավարում է Google-ի ինժեներների հատուկ խումբը, որը հետևում է օդապարիկների բարձրության կորստին, դրանց` օդային տարածք ուղարկմանը և հակառակ գործընթացին:
Նախագիծը փորձարկվել է Նոր Զելանդիայի Քրայստչերչ և Քենտերբերի քաղաքների մերձակայքում, որին մասնակցել է մոտ 50 կամավոր:
Civilnet




