Գլխավոր Լրահոս

Անգելա Մերկելի՝ հայ լինելու և «Այծեմլիկ Մերգելյան» կոչվելու լուրը կեղծ է

Անգելա Մերկելի՝ հայ լինելու և «Այծեմլիկ Մերգելյան» կոչվելու լուրը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում են գրառումներ, թե Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է իր հայկական ծագման մասին։ Ըստ այդ հրապարակումների՝ Մերկելն իբր խոստովանել է, որ իր իրական անունն Այծեմլիկ Մերգելյան է և մտադիր է տեղափոխվել Հայաստան։

Այս տեղեկությունը տարածվում է «ՑՆՑՎԵԼ Է ԱՄԲՈՂՋ ԳԵՐՄԱՆԻԱՆ» տիպի սենսացիոն վերնագրերով, որոնք ուղեկցվում են Մերկելի` Արարատ լեռան, Երևանի և Խոր Վիրապի ֆոնին լուսանկարներով:

Էկրանապատկերում՝ սոցցանցերում տարածվող գրառումները

Ի՞նչ է հայտնի Մերկելի ծագման մասին

Անգելա Մերկելի պաշտոնական և մանրամասն փաստագրված կենսագրությունը միանշանակ հերքում է նրա հայկական ծագման մասին տեղեկությունները:

Մերկելի ծննդյան անունը Անգելա Դորոթեա Կասներ է: Նրա տոհմածառում գերմանական և լեհական արմատներ են: Հայրական պապը՝ Լյուդվիգ Կազմիերչակը, ծագումով լեհ էր, և 1930-ականներին իր ազգանունը գերմանականացրել է՝ դարձնելով Կասներ։ Մերկելի մայրը՝ Հերլինդ Կասները (օրիորդական ազգանունը՝ Յենցշ), գերմանուհի էր։

Լուսանկարում՝ Անգելա Մերկելը ծնողների հետ, աղբյուրը՝ bundeskanzlerin.de

Մերկել ազգանունը, որը կեղծ լուրերում փորձում են կապել «Մերգելյան»-ի հետ, նա ստացել է իր առաջին ամուսնուց՝ Ուլրիխ Մերկելից։ Նրանք ամուսնալուծվել են 1982-ին, սակայն նա պահպանել է ամուսնու ազգանունը։

Հոդվածներում առկա են պնդումներ, թե Մերկելի հայկական ծագման մասին «փաստաթղթերը գտնվում են Բունդեսթագի արխիվներում», ինչը հորինվածք է։ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի արխիվները հասանելի են հանրությանը և որևէ հիմք չկա կարծելու, թե նման տեղեկություն կարող էր աննկատ մնալ։

Ինչպե՞ս են տարածվում կեղծ գրառումները

Սոցցանցերում այս տեղեկությունը տարածում են «Միասնական Հայաստան», «Armenia Cool», «Այս Պահին», «Լրահոս», «Բա չիմացա՞ք», «Info Լուրեր» և բազմաթիվ այլ ֆեյսբուքյան էջեր։ Գրառումները հավաքել են տասնյակ հազարավոր դիտումներ, հարյուրավոր կիսումներ և մեկնաբանություններ։

Նշված էջերը հայտնի են սենսացիոն ոճով կեղծ կամ հնացած տեղեկությունների տարածմամբ՝ առաջարկելով շարունակությունը կարդալ արտաքին աղբյուրներում։ Գրառումների մեծ մասին կցված հղումները տանում են arminfonews.ru կամ նմանատիպ կասկածելի կայքեր:

Կայքում տեղադրված հոդվածը պարունակում է մտացածին մանրամասներ Մերկելի «հայկական արմատների» և Հայաստան այցելելու ցանկության մասին՝ առանց որևէ փաստական հիմքի կամ հավաստի աղբյուրի նշման։ 

Էկրանապատկերում՝ Մերկելի վերաբերյալ arminfonews.ru կայքի հրապարակումները

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը սոցցացնցերում սունկ էջերի կողմից շրջանառվում է առնվազն 2024-ի հոկտեմբերից և պարբերաբար մեծ տարածում ստանում հայ օգտատերերի շրջանում։

Ովքե՞ր են տարածում այս կեղծ լուրը

Whois տվյալների համաձայն՝ arminfonews.ru կայքը գրանցվել է 2019-ին Ռուսաստանում գտնվող հոսթինգում, իսկ սեփականատերերի տվյալները թաքցված են։ Կայքի հոդվածները հիմնականում մտացածին են, հավանաբար ստեղծված արհեստական բանականության միջոցով և զուրկ են փաստական հիմքերից։

Հաճախ գրառումներին կից հղումները տանում են փակ Telegram ալիքներ, որոնց բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել։ 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ հայտերը չեն հաստատվում, այլ մնում են «սպասման» կարգավիճակում՝ արհեստականորեն բարձրացնելով ալիքի «հետևորդների» թիվը, հավանաբար հետագա վաճառքի նպատակով։

Կեղծ լուրեր տարածող էջերից մեկի ստեղծողը՝ մեդիա-ձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ նման էջերի հրապարակումների պրոցեսը ավտոմատացված է, իսկ դրանց հիմնական նպատակը մեծ լսարան հավաքելն ու հետագայում էջերի վաճառքն է։

Տես՝ Կեղծ լուրերի բիզնես․ ինչպես են հազարավոր հետևորդներ ունեցող էջերը մոլորեցնում օգտատերերին

Այսպիսով, սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայ է, իսկ նրա իրական անունը՝ Այծեմլիկ Մերգելյան, ամբողջությամբ կեղծ է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում