Ռուսական «Մատրյոշկան» Փաշինյանի սպանության կոչեր պարունակող դիփֆեյքեր է տարածում

Ռուսական «Մատրյոշկա» ցանցը, որը մինչ այժմ Հայաստանի վերաբերյալ տարածում էր կեղծ հետաքննություններ, մանիպուլյատիվ տեսանյութեր և AI-գեներացված բովանդակություն, այժմ Փաշինյանի սպանության կոչեր պարունակող դիփֆեյք տեսանյութեր է շրջանառում։
X հարթակում մայիսի 28-ին տարածվող նոր տեսանյութում ոստիկանի համազգեստով տղամարդը ոչ միայն վիրավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև բացահայտ կոչ է անում սպանել նրան։ Տեսանյութի «հերոսը» անգլերեն հայտարարում է, թե երազում է մեկնել Հայաստան և «կրակել Փաշինյանի գլխին», իսկ Հայաստանի ներսում գտնվող անձանց հորդորում է «վճռական քայլի» դիմել՝ խոստանալով աջակցել նրանց ընտանիքներին, եթե նրանք հայտնվեն բանտում։
Սակայն, ինչպես «Մատրյոշկա» ցանցի հետ կապվող բազմաթիվ այլ տեսանյութերի դեպքում, սա ևս դիփֆեյք է։ Սթիվ Առնոլդն իրական անձ է, սակայն նրա մասնակցությամբ բնօրինակ տեսանյութը խմբագրվել է արհեստական բանականության գործիքներով։ Տեսանյութին ավելացվել են Նիկոլ Փաշինյանի մասին հիշատակումները և սպանության կոչեր պարունակող խոսքերը, որոնք բացակայում են սկզբնական տարբերակում։
Ինչպե՞ս է ոստիկանության տեսանյութը վերածվել սպանության կոչի
Կեղծված տեսանյութի վրա երևում է տարբերանշան, որը պատկանում է Հարավային Ավստրալիայի ոստիկանությանը (South Australia Police)։ #CivilNetCheck-ը հայտնաբերել է տեսանյութի բնօրինակը, որը հրապարակվել է ոստիկանության սոցիալան ցանցերի պաշտոնական էջերում 2025 թվականի հուլիսին։

Բնօրինակ տեսանյութում ոստիկանության սերժանտ Սթիվ Արնոլդը որևէ անդրադարձ չի կատարում Հայաստանին կամ Նիկոլ Փաշինյանին։ Փոխարենը նա խոսում է Ոստիկանության ակադեմիայում մենթորի իր աշխատանքի մասին՝ նշելով, որ ոստիկանությունում ծառայել է ավելի քան 17 տարի։
Տեսանյութն առաջին անգամ հայտնվել է Mari Retameiro անունով X-ի օգտահաշվում։ Թեև տեսանյութը տարածվել է անգլերեն լեզվով և անգլերեն ենթագրերով, հրապարակմանը կից նկարագրությունը պորտուգալերեն է եղել։

Հրապարակմանը կից տարածվել էին նաև երկու այլ դիփֆեյք տեսանյութեր, որոնք առաջ էին մղում «Մատրյոշկայի» կողմից նախկինում օգտագործված կոռուպցիոն և հակաիշխանական նարատիվները։
Հրապարակմանը կից գրված էր. «Որոշ հարցեր հնարավոր է լուծել միայն գլխին արձակված գնդակով, և ես վախենում եմ, որ հենց Փաշինյանն է այն մարդը, որն ըստ իս՝ արժանի է դրան»։
Փաստացի սպանության կոչ պարունակող այս միտքը ոչ միայն հնչում է տեսանյութում, այլև կրկնվում է հրապարակման տեքստային նկարագրության մեջ՝ որպես դրա հիմնական ուղերձ։
Նույն արշավի երեք տարբեր նարատիվներ
Բացի այս տեսանյութից, հրապարակմանը կցված են ևս երկու դիփֆեյք տեսանյութեր։ Դրանցից մեկում ավստրալացի իրավաբան Ջոշ Բորնսթեյնի անունից պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը ներգրավված է «հարյուրավոր կոռուպցիոն հանցագործություններում» և գողացված միջոցներով ձեռք է բերել տասնյակ անշարժ գույքեր։ Սակայն այս պնդումները ավելացվել են արհեստական բանականության միջոցով խմբագրված տեսանյութում և բացակայում են բնօրինակից։
Մյուս տեսանյութում օգտագործվել է NHS-ի Լոնդոնի տարածաշրջանային տնօրեն Քերոլայն Քլարքի մասնակցությամբ տեսանյութը։ Դիփֆեյք տարբերակում նրա անունից հնչում են Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կեղծ պնդումներ, ինչպես նաև կոչ՝ չքվեարկել նրա օգտին։ Սակայն բնօրինակ տեսանյութում Քլարքը նման հայտարարություններ կամ քաղաքական կոչեր չի անում։
Տարիներ լռած օգտահաշիվը և «Մատրյոշկայի» ձեռագիրը
Օգտահաշիվը, թեև ստեղծվել է դեռևս 2009 թվականին, երկար ժամանակ որևէ նկատելի ակտիվություն չի ցուցաբերել։ Այն վերաակտիվացվել է միայն վերջին օրերին՝ նախ հրապարակելով ժամանցային բովանդակություն, որը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի, ապա տարածելով Փաշինյանի սպանության կոչ պարունակող տեսանյութը։
Նման մեխանիզմ վերջին ամիսներին բազմիցս արձանագրել է #CivilNetCheck-ը։ Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավներում պարբերաբար օգտագործվում են տարիներ շարունակ անգործության մատնված կամ կոտրված օգտահաշիվներ, որոնք հանկարծակի վերադառնում են ակտիվ դաշտ և սկսում տարածել թիրախավորված քաղաքական բովանդակություն։
Միջազգային հետազոտողները հենց այս մեթոդն են առանձնացնում որպես «Մատրյոշկա» ցանցի բնորոշ գործելաոճերից մեկը։
«Մատրյոշկան» ռուսական ծագմամբ ապատեղեկատվական ցանց է, որի գործունեությունն առաջին անգամ արձանագրվել է 2023 թվականին։ Այն հիմնականում օգտագործում է տարիներ շարունակ լռած կամ առևանգված սոցիալական ցանցերի օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածում է դիփֆեյք տեսանյութեր, կեղծ լուրեր և հեղինակավոր աղբյուրների անունից պատրաստված մանիպուլյատիվ բովանդակություն։ Միջազգային հետազոտողները այն կապում են ռուսամետ ապատեղեկատվական արշավների հետ, որոնք հատկապես ակտիվանում են ընտրությունների կամ կարևոր քաղաքական գործընթացների ժամանակ։ Վերջին ամիսներին դրա հիմնական թիրախներից մեկը Հայաստանն է։
#CivilNetCheck-ը և փաստերի ստուգմամբ զբաղվող գործընկեր կազմակերպությունները բազմիցս արձանագրել են այս ցանցի հետ կապվող դիփֆեյք տեսանյութերի, կեղծ հետաքննությունների և մանիպուլյատիվ հրապարակումների տարածումը, որոնք ուղղված են Հայաստանի ներքաղաքական գործընթացների և հանրային տրամադրությունների վրա ազդեցություն գործելուն։
Տես՝ Մեկ շաբաթում՝ 10 կեղծ տեսանյութ Հայաստանի մասին. մանիպուլյացիաներ՝ հեղինակավոր մեդիայի անվան տակ
Ֆրանսիան 30 մլն եվրո չի հատկացրել Հայաստանին՝ նրան Ռուսաստանից հեռացնելու համար
Ռոք աստղերը մերժե՞լ են Փաշինյանին. սոցցանցերում կեղծ տեսանյութերի նոր ալիք
X հարթակում ռուսալեզու կեղծ և կոորդինացված օգտահաշիվները քարտեզագրող «Bot Blocker» («Antibot4Navalny») նախաձեռնությունը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ թե՛ տեսանյութը տարածած օգտահաշիվը, թե՛ հրապարակումը «Մատրյոշկա» ցանցի արշավի մաս են։
Զախարովան՝ «Մատրյոշկայի» մասին
Ի դեպ, մայիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր Հայաստանի դեմ ռուսական ապատեղեկատվական արշավների վերաբերյալ հրապարակումներին՝ ծաղրելով «Մատրյոշկա» ցանցի և արհեստական բանականության կիրառման մասին պնդումները։ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութերից մեկին անդրադառնալով՝ նա գրել էր. «Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս տեսանյութը ոչ մի «Մատրյոշկա» օպերացիա չէր կարող հորինել։ Եվ պետք չէ հիացմունքի մեջ ընկնել իբր կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից»։
Փաստացի, Զախարովան «Մատրյոշկայի» մասին ներկայացված տվյալներին պատասխանել էր ոչ թե փաստարկներով, այլ Փաշինյանի մասնակցությամբ մեկ տեսանյութով։
Տես՝ Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր
Անի Գրիգորյան
CivilNetCheck










