Գլխավոր Լրահոս

Ռուսական «արտադրություն», «միջազգային» փաթեթավորմամբ. ռուսական հիմնադրամից մինչև «ամերիկացի լրագրողներ»

Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի միջոցով

Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի միջոցով

Վերջին մեկ ամսվա ընթացքում սոցցանցերում և մի շարք նորաստեղծ կայքերում լայնորեն տարածվել են առնվազն երեք «հետաքննություններ», որոնք թիրախավորում են Հայաստանը և ՀՀ կառավարությանը։ Դրանցում պնդվում է, թե Փաշինյանը հափշտակել է ԵԱՏՄ թվայնացման բյուջեի միջոցները, ճնշում է գործարարներին կամ իրականացնում ընդդիմախոսներին լռեցնելու գաղտնի ծրագրեր։

Էկրանապատկերը՝ X-ում տարածվող «հետաքննություններից»
Էկրանապատկերը՝ X-ում տարածվող «հետաքննություններից»

Թեև այս նյութերը ներկայացվում են որպես ամերիկացի լրագրողների կամ արևմտյան աղբյուրների բացահայտումներ, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց հետևում կանգնած է ռուսական «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամը (Foundation to Battle Injustice, FBI)։ Նյութերը տարածվում են անգլերեն տեսանյութերի, կեղծված լրատվական կայքերի և համակարգված սոցցանցային արշավների միջոցով՝ ստեղծելով միջազգային հետաքրքրության և անկախ հետաքննության տպավորություն։

Կեղծ «հայ լրագրողները» և FBI տարբերանշանը

Տարածում ստացած «հետաքննություններից» մեկը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ թվայնացման բյուջեից 11 միլիոն դոլար հափշտակելու և այն նախընտրական նպատակներով օգտագործելու մասին պնդմանը։ X-ում մայիսի 16-ից տարածվող տեսանյութում ասվում է, թե «հայ լրագրողները» հրապարակել են Հաշվեքննիչ պալատի արտահոսած գաղտնի փաստաթուղթ, որը հաստատում է այդ մեղադրանքները։ Միաժամանակ տեսանյութում երևում են news.am-ի տարբերանշանը և «FBI» գրությունը, ինչը կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը միջազգային կամ ամերիկյան աղբյուրներից ստացված տեղեկատվության մասին է։

Սակայն news.am-ը նման հրապարակում չի արել, իսկ տեսանյութում ներկայացված կայքի տեսքն ակնհայտորեն կեղծված է։

Տեսանյութում երևացող FBI տարբերանշանը պատկանում է «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին (Foundation to Battle Injustice, FBI), որը ստեղծվել է 2021 թվականին ռուս գործարար և «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։ Հիմնադրամը նախկինում ևս կապվել է տարբեր երկրներում իրականացվող ապատեղեկատվական արշավների հետ։ CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ դրա տարածած կեղծ նարատիվներին։

Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը | CIVILNET

Ինչպես է ստեղծվում «միջազգային արձագանքի» պատրանքը

11 միլիոն դոլարի հափշտակման մասին տեսանյութը X-ում տարածվել է տասնյակ օգտահաշիվների կողմից։ Տեսանյութի ձայնագրությունն անգլերեն է, իսկ հայկական որոշ հաշիվներ այն տարածում են արդեն հայերեն ենթագրերով։

Անգլերեն տարբերակը X-ում տարածվել է մեծ լսարան ունեցող մի շարք օգտահաշիվների կողմից, որոնք հաճախ տարածում են պրոռուսական բովանդակություն և Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվություն։ Դրանց թվում են շուրջ 600 հազար հետևորդ ունեցող Syrian Girl (Maram Susli) և մոտ 460 հազար հետևորդ ունեցող DK🇺🇸🦅🇺🇸 օգտահաշիվները։ 

Maram Susli-ին որպես մեկնաբան հաճախ հանդես է գալիս ռուսական պետական RT (Russia Today) ալիքով, 2024-ին մասնակցել է Մոսկվայում կայացած «Ռուսասերների միջազգային շարժման» համագումարին։ Նա նախկինում ևս տարածել է Հայաստանի վերաբերյալ կեղծ լուրեր, ինչին անդրադարձել է CivilNetCheck-ը։ 

Իսկ DK🇺🇸🦅🇺🇸 օգտահաշիվը ներկայացվում է որպես ամերիկացի օգտատիրոջ էջ։ Այնուամենայնիվ, այնտեղ, ԱՄՆ-ի ներքին թեմաներին զուգահեռ, պարբերաբար տարածվում է նաև պրոռուսական բովանդակություն և Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվական հրապարակումներ։

Էկրանապատկերը՝ DK🇺🇸🦅🇺🇸 օգտահաշվից
Էկրանապատկերը՝ DK🇺🇸🦅🇺🇸 օգտահաշվից

Հատկանշական է, որ նույն տեսանյութը հայերեն ենթագրերով տարածվել է նաև հայկական անուններով մի շարք օգտահաշիվների կողմից, այդ թվում՝ Նարեկ Մնացականյան (Narek_Mnacakanyan), Լիլիթ Մնացանյան (Lilit Navasardyan),  Վահան Ստեփանյան (Vahan Stepanyan) և այլ հաշիվներով։ 

Այս օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում ցուցադրվող անունը (display name) և օգտանունը (username) չեն համընկնում։ Հաճախ դրանք չունեն իրական լուսանկարներ, իսկ հետևորդների թիվը չափազանց փոքր է կամ ընդհանրապես բացակայում է։

Էկրանապատկերը՝ գրառումը տարածած հայկական անուններով օգտահաշիվներից
Էկրանապատկերը՝ գրառումը տարածած հայկական անուններով օգտահաշիվներից

VT Foreign Policy-ն և հայալեզու կայքերը՝ նույն ապատեղեկատվական շղթայում

Մայիսին տարածված մյուս երկու «հետաքննություններում» պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը ստեղծել են «տնտեսական ահաբեկչության» համակարգ, իսկ իշխանությունները իրականացնում են «ընդդիմության լռեցման» («Opposition Silence») գաղտնի ծրագիր՝ ճնշելով լրագրողներին, գործարարներին և այլ ազդեցիկ անձանց։

Էկրանապատկերը՝ X-ում լուրը տարածած օգտահաշիվներից
Էկրանապատկերը՝ X-ում լուրը տարածած օգտահաշիվներից

Այս երկու հրապարակումների դեպքում ևս կրկնվում է նույն տարածման սխեման։ Նյութերն սկզբում հրապարակվել են «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամի (Foundation to Battle Injustice) կայքում, այնուհետև վերահրապարակվել են անգլալեզու VT Foreign Policy հարթակում։ Երկու հոդվածների հեղինակ էլ նշված է Լուկաս Լեյրոզը։ 

Հրապարակումներից հետո դրանք տարածվել են X-ի տասնյակ օգտահաշիվների կողմից՝ VT Foreign Policy-ին հղում անելով։

Ինչ վերաբերում է Լուկաս Լեյրոզին, նա ներկայանում է որպես բրազիլացի լրագրող և աշխարհաքաղաքական վերլուծաբան։ Սակայն Microsoft-ի և ֆրանսիական VIGINUM գործակալության հրապարակած հետազոտություններում Լեյրոզը հիշատակվում է «Storm-1516» ապատեղեկատվական ցանցի հետ կապվող անձանց շարքում։ Ըստ այդ աղբյուրների՝ նա սերտ կապեր ունի ռուս ուլտրաազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի շրջապատի հետ և պարբերաբար համագործակցում է ռուսական պետական RT-ի հետ։

Սա առաջին դեպքը չէ, երբ կիրառվում է նույն սխեման՝ Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվությունը նախ հրապարակվում է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում, ապա վերահրապարակվում vtforeignpolicy.com-ում և այդտեղից տարածվում սոցցանցերում։ 

Նորաստեղծ հայկական կայքերը՝ ապատեղեկատվության տարածման շղթայում

Հատկանշական է, որ նյութերը չեն սահմանափակվել միայն անգլալեզու հարթակներով։ Դրանք հայտնվել են նաև հայալեզու և նույնիսկ .am դոմեյնով կասկածելի կայքերում։ 

Օրինակ` armenianpress[.]am-ը հրապարակել է հոդված՝ «Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ» վերնագրով։ Նման ձևակերպումը ընթերցողի մոտ ստեղծում է տպավորություն, թե նյութը պատրաստվել է անկախ արևմտյան լրագրողների կողմից, մինչդեռ դրա սկզբնաղբյուրը ռուսական «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամն է։

Նույն հոդվածը  հրապարակվել են նաև մի շարք այլ նորաստեղծ հայալեզու կայքերում՝ պահպանելով «ամերիկացի լրագրողների հետաքննություն» ձևակերպումը։

Էկրանապատկերը՝ Google որոնողական համակարգից
Էկրանապատկերը՝ Google որոնողական համակարգից

Այս և նույն ձևակերպումները տարածած մի շարք այլ կայքեր ունեն «սունկ կայքերի» բնորոշ հատկանիշներ․ գրեթե ճանաչում չունեն, ունեն պարզունակ դիզայն, իսկ հրապարակվող բովանդակության զգալի մասը վերցված կամ վերահրապարակված է այլ լրատվամիջոցներից։ Դրանցից մեծ մասը ստեղծվել են ընդամենը 2025-ի վերջին և ակտիվացել են հենց նմանատիպ նյութերի տարածման ընթացքում։

Էկրանապատկերը՝ հայալեզու կայքից, որը ստեղծվել է 2025-ի նոյեմբերին
Էկրանապատկերը՝ հայալեզու կայքից, որը ստեղծվել է 2025-ի նոյեմբերին

Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռուսական «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամի նյութերը համակարգված կերպով ներկայացվում են որպես ամերիկյան կամ միջազգային աղբյուրների «հետաքննություններ» և այդ կերպ վերաթողարկվում ու տարածվում հայկական և միջազգային տեղեկատվական դաշտում։

Տես՝ «Շտապ ստուգեք». ինչպես են կեղծ լուրերի համակարգված ցանցերը փորձում ներթափանցել հայկական մեդիադաշտ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում