Գլխավոր Լրահոս

Ռուսական տնտեսական մահակը հայաստանյան ընտրություններից առաջ. ինչ սպասել

Ռուսական տնտեսական մահակը հայաստանյան ընտրություններից առաջ. ինչ սպասել

Գևորգ Թոսունյան

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա՝ չնայած երկու երկրները միսնական տնտեսական տարածքի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են եղել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով նպատակ է ունեցել է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։

«ՀՆԱ-ի առնվազն 14% անկում», «էներգակիրների գների կտրուկ բարձրացում», «կոշտ վերահսկողություն ենթակառուցվածքների նկատմամբ»․ սրանք վերջին օրերին ռուս պաշտոնյաների կողմից հնչող զգուշացումներն են Հայաստանին։ 

Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես ցայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։  

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշեց նախընտրական օրերին։  

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ինչ թեզեր են շրջանառում ռուս պաշտոնյաները

Հայաստանում խորհրդարանական ընտրույթունների քարոզարշավի փուլում Ռուսաստանը Հայաստանին կանգնեցրել էր ընտրության առաջ՝ պահանջելով կողմնորոշվել Մոսկվայի և Արևմուտքի միջև։ Պաշտոնական Մոսկվան սպառնում էր ծանր հետևանքներով, եթե երկիրը շարունակի իր մերձեցումը Եվրամիության հետ։ 

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարբերաբար նախազգուշացնում էին Հայաստանին սպասվող տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների մասին։ Պուտինի հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և ռուսական շուկայի կորուստը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոս անկման։

Մայիսին Ռուսաստանը սկսեց սահմանափակել հայկական պտուղ-բանջարեղենի, որոշ տեսակի կոնյակների, գինու, ծաղիկների, ձկնամթերքի և հանքային ջրի («Ջերմուկի») ներմուծումը:

Երբ հանքային ջուրը դառնում է «քացախ»

«Ջերմուկ» հանքային ջրի հետ «խնդիրը» նոր չէ։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի արտադրանքի վերաբերյալ մեղադրանքներ հայտնվեցին դեռ 2024-ի փետրվարին, երբ ռուսական մամուլը հայտնեց, թե Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել խանութից գնված «Ջերմուկ»-ի շշից քացախ խմելու արդյունքում։ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրեց «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Խնդիրը հանգուցալուծվելուց հետո կրկին ջրի երես ելավ 2025-ի հունվարին, երբ քրեական գործ հարուցվեց Վլադիկավկազի բնակչի մահվան փաստով։ Սակայն քրեական վարույթի մասին մոռացան ու խնդիրը չհասավ արգելքերին։

2026-ի ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, երբ Պուտինը Փաշինյանին կոչ արեց ապահովել ռուսամետ ուժերի մասնակցությունը ընտրություններին, ռուս իրավապահները հիշեցին «Ջերմուկի» հետ կապված քրեական վարույթի մասին։ Ապրիլի 28-ին հանքային ջրի առաջին խմբաքանակը արգելվեց։ Օրերի ընթացքում մի քանի փուլով Ռուսաստանում դադարեցվեց ավելի քան 100 մլն շիշ «Ջերմուկի»  վաճառքը։

«Ջերմուկ գրուպի» իրական շահառուն և միակ բաժնետերը Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Նա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու է։

Այս իրավիճակը ուշագրավ նմանություն ունի Ուկրաինայի հետ։ Դեռ 2013-ի հուլիսին՝ նախքան Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի սրվելը, Ռուսաստանն արգելել էր ապագա նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» հրուշակեղենի մատակարարումը, և այդ արգելքն այդպես էլ չվերացվեց։ 2014-ի մարտին Մոսկվայի դատարանը կալանք դրեց ընկերության ռուսաստանյան հաշիվների վրա, որոնցում կար շուրջ 2,5 մլրդ ռուբլի։ Թեև 2014-ի դեկտեմբերին հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճվեց և հաշիվների կալանքը վերացվեց, ընկերության դեմ տնտեսական արշավը չդադարեց։ Պորոշենկոն հայտարարում էր, որ ՌԴ իշխանությունները միտումնավոր խոչընդոտում են իր ակտիվների վաճառքի գործընթացը, որի կառավարումը նա հանձնել էր Rothschild տրաստային հիմնադրամին։ Ի վերջո 2017-ին «Ռոշենը» ամբողջությամբ դադարեցրեց իր գործունեությունը Ռուսաստանում՝ փակելով Լիպեցկի ֆաբրիկան և աշխատանքից ազատելով անձնակազմին։

Պտուղ-բանջարեղենի սահմանափակումներ

Ռուսաստանը զգուշացնում է նաև լոգիստիկ և ենթակառուցվածքային հետևանքների մասին: Թեև Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միասնական տարածքում են, Մոսկվայից անուղղակի սպառնալիքներ են հնչում մաքսատուրքերը վերականգնելու և հայկական բեռնափոխադրողների համար արտոնյալ համակարգը չեղարկելու մասին: Հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվեց Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։ Ռուսաստանում արդեն իսկ սահմանափակել էին ծաղկի ներմուծումը։ Այս ընթացքում վրաց-ռուսական սահմանային Լարսի անցակետում ավելացել են հայկական բեռնատարերի կուտակումները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ  Հայաստանից արտահանվող ապրանքների մեծ մասը որակի խնդիր չունի. «Այդ ապրանքների որակի խնդիրները լուծվել են, և մեր ապրանքները որակական առումով բարձր մակարդակի են։ Օրինակ՝ մենք լոլիկ արտադրում ենք, պեստիցիդ չենք օգտագործում, չենք սրսկում: ԵԱՏՄ շատ երկրներում կամ տարածքներում, աշխարհի շատ տեղերում թունաքիմիկատով սրսկում են ծաղիկը կամ լոլիկը, իսկ Հայաստանի հարյուրավոր հեկտարներով ջերմոցներում այդպես չէ»։

Պապոյանը հուսով է, որ խնդիրների մի մասը կլուծվի հունիսի 7-ի ընտրությունից հետո։  

Տնտեսագետ, Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը զգուշացնում է, որ արգելքների կտրուկ կիրառումը բիզնեսների մոտ անմիջապես կառաջացնի կանխիկի սղության և վարկային պարտավորությունների սպասարկման խնդիրներ։ 

«Մենք վնասները միանգամից չենք զգալու, որովհետև տնտեսությունը օրգանիզմ է, և անցնելու են ամիսներ: Մենք այս ամենի իրական ազդեցությունը առնվազն 3-6 ամիս հետո ենք զգալու»,- կարծում է Արամյանը։

Տնտեսագետ Հայկ Ֆանյանը կիսում է այն միտքը, որ Ռուսաստանի այս գործողություններն ունեն նախընտրական բնույթ։ Նրա խոսքով՝ սա կարող է կրիտիկական լինել՝ հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա երկու ամիսները պտուղ-բանջարեղենի արտահանման պիկային սեզոն են։ «Հենց որ սկսվի ծիրանի ամենաակտիվ արտահանման շրջանը հունիսի վերջից հուլիսի սկիզբ, այս իրավիճակը որևէ ձև կկարգավորվի»,- կարծում է տնտեսագետը։

Մոլդովայի փորձը 

Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների գործիքակազմը կիրառել է նաև Մոլդովայի դեմ այդ երկրի եվրաինտեգրման ճանապարհը խոչընդոտելու համար: 

2010 և հատկապես 2014 թվականներին, երբ Մոլդովան պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը, Ռուսաստանը էմբարգո կիրառեց մոլդովական գինու, մրգերի և բանջարեղենի նկատմամբ, որին հաջորդեցին գազի գնի կտրուկ բարձրացումը (մինչև 4 անգամ) ու մատակարարման դադարեցման շանտաժը:

Մոլդովացի քաղաքական վերլուծաբան, Մոլդովայի WatchDog.md համայնքի ղեկավար Վալերիու Պաշայի խոսքով՝ այդ արգելքները բացառապես քաղաքական շարժառիթներ ունեին, և հայկական արտադրանքի դեմ այսօր կիրառվող սահմանափակումները դրա ուղիղ կրկնությունն են։

«Սա զուտ քաղաքականապես մոտիվացված որոշում է։ Իրականում նրանք այնտեղ որակի որևէ օբյեկտիվ խնդիր չեն գտել: Ստանդարտները բավարար են ԵՄ արտահանելու համար, բայց իբր անբավարար են Ռուսաստան արտահանելու համար: Սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»,- նշում է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում այս ճնշումները միտումնավոր կիրառվում են հատկապես նախընտրական շրջանում. «Ընտրություններից առաջ արտահանման կասեցում. նույն բանը մեզ մոտ եղավ 2014-ին։ Վախեցնում են, թե «շուկան կկորցնեք, առանց գազի կմնաք, գազի գինը կբարձրացնենք»։ Նույն նարատիվներն են, միայն թե Հայաստանի դեպքում այս ամենը միանգամից է արվում»,- ասում է Պաշան:

…

Ի վիճակի՞ է արդյոք Հայաստանը մեղմել տնտեսական ցնցումները, եթե ռուսական պատժամիջոցները շարունակվեն նաև ընտրություններից հետո։ Եվրամիության ընթացիկ արտոնությունները շարունակակա՞ն են լինելու, և կարո՞ղ է արդյոք ԵՄ շուկան դառնալ իրական այլընտրանք։ Տնտեսագետները զգուշացնում են, որ հնարավոր չէ խուսափել ցնցումներից։ Այս հարցերի պատասխանները պարզ կլինեն առաջիկայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում