Գլխավոր Լրահոս

Վրաստանում ավարտվել է հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով բոլոր մեղադրյալների դատավարությունը

Ցուցարար Մարիամ Մեկանցիշվիլին և նրա դուստրը

Ցուցարար Մարիամ Մեկանցիշվիլին և նրա դուստրը

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2025-ի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների և բախումների գործով վերջին դատավճիռները։ Այս գործով մեղադրանք էր առաջադրվել տասնյակ մարդկանց։ Մեղադրյալների մի մասը համաձայնել է դատավարական գործարքի, մյուսները դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, իսկ մեկ անձ՝ միայնակ մայր, ազատազրկման փոխարեն տուգանվել է։

Հնչեղություն ստացած այս գործով, որը բաժանվել էր հինգ առանձին դատավարությունների, վերջին 17 դատավճիռները հունիսի 24-ին կայացրել են դատավորներ Թամար Մչեդլիշվիլին և Թամար Մախարոբլիձեն։ Մչեդլիշվիլին քննել է չորս, իսկ Մախարոբլիձեն՝ մնացած 13 մեղադրյալների գործերը։

Տե՛ս նաև՝ «Չեմ դադարեցնելու պայքարը». գործարքի արդյունքում ազատ է արձակվել 14 վրացի ցուցարար

Մեղադրյալներից մեկը՝ հակակառավարական ցույցերի մասնակից և յոթամյա դստեր միայնակ մայր Մարիամ Մեկանցիշվիլին, Մչեդլիշվիլիի որոշմամբ տուգանվել է 5 հազար լարիով (1,900 դոլար)։

Նրան մեղադրանք էր առաջադրվել հասարակական կարգը խախտող խմբակային գործողություններ կազմակերպելու համար։ Այդ հոդվածով նախատեսված է տուգանք, հանրային աշխատանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։

Մեկանցիշվիլին դատավճիռ ստացած մեղադրյալներից միակն էր, որը մինչ դատավճիռը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի շենքից դուրս նա ընկերների հետ թեթևությամբ ընդունել է վճիռը։

Դատավճռից առաջ Մեկանցիշվիլին հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում և որ առաջադրված մեղադրանքներն իրավական հիմք չունեն։

«Ամբողջ կյանքում պայքարել եմ անարդարության դեմ»,- ասել էր նա՝ հավելելով, որ հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելը «այն արժանապատվության արտացոլումն է, որը ծնողներն են սովորեցրել»։

Հունիսի 24-ին դատված մյուս կինը՝ բողոքի ակցիաների մասնակից Նանա Սանդերը, Մչեդլիշվիլիի որոշմամբ դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով։

Սանդերը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ երբեք չի փորձել բռնի միջոցներով պայքարել պետության դեմ։

Դատավճռից մեկ օր առաջ նա մեղադրել էր Քրեակատարողական ծառայությանը առողջությանը վնաս հասցնելու մեջ՝ նշելով, որ մի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, ինչից հետո նույնիսկ տուգանվել է դրա համար։

Ավելի վաղ՝ հունվարին, Սանդերը նաև հայտարարել էր, որ բանտում ենթարկվել է սեռական ոտնձգությունների Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից, ինչը գերատեսչությունը հերքել էր։

Մչեդլիշվիլին հինգական տարվա ազատազրկման է դատապարտել նաև ցուցարարներ Աբո Նավերիանիին և Անտոն Ուպերին, վերջինիս՝ հեռակա կարգով։

Նրանք մեղադրվում էին ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտներ խմբով զավթելու կամ շրջափակելու փորձի, ինչպես նաև խմբակային բռնությանը մասնակցելու մեջ։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում են մեր երկրի համար։ Մենք անպայման հաղթելու ենք»,- ասել է Նավերիանին։

Մախարոբլիձեի վարույթում գտնվող մյուս 13 մեղադրյալներից միայն Մանուչար Միքելաձեն է դատապարտվել հինգ տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր խմբակային բռնությանը մասնակցելու և խմբի կազմում ռազմավարական նշանակության օբյեկտներ զավթելու կամ շրջափակելու փորձի համար։

«Մենք՝ մարդիկ, որոնք պայքարում ենք այս երկրի, մեր եվրոպական ապագայի և մեր երեխաների ապագայի համար, այսօր պատժվում ենք»,- Publika-ի փոխանցմամբ ասել է Միքելաձեն։

Մնացած 12 ցուցարարները համաձայնել են դատավարական գործարքի՝ ընդունելով իրենց մեղքը։

Նրանցից երկուսին մեղադրանք էր առաջադրվել թե՛ ռազմավարական օբյեկտներ զավթելու կամ շրջափակելու փորձի, թե՛ խմբակային բռնության համար, իսկ մյուսներին՝ միայն խմբակային բռնության։

Գործարքի պայմաններով նրանցից բոլորը, բացի մեկից, դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման։

Հաշվի առնելով նախնական կալանքի ընթացքում անցկացրած ժամանակը՝ նրանք ազատ կարձակվեն չորս ամիս անց։

Մյուս մեղադրյալը՝ Սաբա Կորձաիան, դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման և, քանի որ պատիժ է կրում նաև մեկ այլ գործով, նախատեսվում է ազատ արձակել տասը ամիս անց։

Բացի ազատազրկումից, բոլորին նշանակվել է նաև երեք տարվա պայմանական պատիժ։

Երբ Մախարոբլիձեն հրապարակում էր դատավարական գործարքների վերաբերյալ որոշումները, մեղադրյալներից Գիորգի Կիրվալիձեն բղավել է.

«Ես ինձ մեղավոր չեմ համարում, չեղարկեք [դատավարական գործարքը]»,- միաժամանակ հայհոյելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

Դրանից հետո կարգադրիչները նրան դուրս են բերել նիստերի դահլիճից։

Հունիսի 24-ի նիստերով ավարտվել է այս լայնածավալ գործի քննությունը։

Տե՛ս նաև՝ Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատթարանում է․ փաստաբան

Վերջին դատավճիռները ներառյալ՝ 64 մեղադրյալներից 29-ը, դատապարտվել են երեքից յոթ տարվա ազատազրկման, որից երեքը՝ հեռակա կարգով։

Մեկանցիշվիլին միակ մեղադրյալն է, որի նկատմամբ կիրառվել է ազատազրկման հետ չկապված պատիժ։

Ընդհանուր առմամբ 34 մեղադրյալ դատավարական գործարք է կնքել, որոնցից 22-ն արդեն ազատ են արձակվել։

«Խաղաղ հեղափոխություն»

Հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիան համընկել էր տեղական ինքնակառավարման ընտրությունների՝ լայնորեն բոյկոտված օրվա հետ։

Ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ խոստանում էին մեկ օրում ավարտել «Վրացական երազանքի» 13-ամյա իշխանությունը, սակայն չէին ներկայացրել գործողությունների որևէ հստակ ծրագիր։

Ակցիան ներկայացվում էր որպես «խաղաղ հեղափոխություն», որը պետք է հասներ այն արդյունքին, ինչին ամիսներ շարունակ ընթացող, բայց առաջնորդ չունեցող բողոքի ցույցերը չէին կարողացել հասնել։

Սկզբում թվում էր, թե նախաձեռնությունն արդյունք է տալիս։

Այդ օրը Թբիլիսիի կենտրոնում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ՝ կարճ ժամանակով նոր շունչ հաղորդելով մարող ամենօրյա բողոքի ակցիաներին։

Սակայն շուտով իրավիճակը քաոսային դարձավ։ Օպերային երգիչ և ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրչուլաձեն հայտարարեց, որ իշխանությունն անցել է ժողովրդին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան կոչ արեց շարժվել դեպի նախագահական նստավայր։

Ցուցարարների փոքր խումբը ճեղքեց պալատի ցանկապատի մի հատվածը, սակայն շուտով հատուկ նշանակության ջոկատները հետ մղեցին նրանց, ինչից հետո սկսվեցին բախումներ։

Ամբոխը բաժանվեց, դժգոհությունը խորացավ, և հանրահավաքը աստիճանաբար մարեց։

Իշխող կուսակցությունն արագ օգտագործեց նախագահական նստավայրի շուրջ տեղի ունեցածը՝ հերթական անգամ հակակառավարական շարժումը ներկայացնելով որպես բռնի, արտասահմանից կազմակերպված պետական հեղաշրջման փորձ։

Ձերբակալվածների թվում կային մարդիկ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ սոցիալական և առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք։

Հոկտեմբերի 4-ից հետո նաև կասկածներ առաջացան, որ նախագահականի ցանկապատը դիտավորյալ թուլացվել էր, որպեսզի այն հեշտությամբ հնարավոր լինի տապալել և այդ կերպ ոստիկանությանը պատրվակ տրվի զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար։

Տեսանյութերը, որոնցում երևում էր, թե ինչպես է ցանկապատը գրեթե առանց որևէ ջանքի շրջվում, ավելի էին ուժեղացնում այդ վարկածը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում