Գլխավոր Լրահոս

Ռուսական պատժամիջոցները սահմանափակ, բայց աճող ռիսկ են Հայաստանի համար. ԿԲ խորհրդի անդամ

Ռուսական պատժամիջոցները սահմանափակ, բայց աճող ռիսկ են Հայաստանի համար. ԿԲ խորհրդի անդամ

Ժաննա Ավագյան

Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման նկատմամբ կիրառվող  սահմանափակումները ամենածայրահեղ սցենարի դեպքում կարող են նվազեցնել Հայաստանի տնտեսական աճը մինչև 2 տոկոսային կետով, սակայն առայժմ դրանց ազդեցությունը սահմանափակ է. այս մասին ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում։

Ռուսաստանը մայիսի սկզբից սահմանափակումներ մտցրեց հայկական մի շարք ապրանքների ներկրումների նկատմամբ։ Ցանկն էապես ընդլայնվեց հունիսի 12-ից` ընգրկելով հայկական գյուղմթերքը, ձկնամթերքը, ծաղիկները և այլն։ 

Քթոյանն ասել է, որ Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարված հարաբերությունները այն մի քանի արտաքին ռիսկերից են, որոնք Կենտրոնական բանկը հաշվի է առնում դրամավարկային քաղաքականությունը մշակելիս։ 

«Եթե հիպոթետիկ ենթադրենք, որ սահմանափակումների տակ ընկած ապրանքախմբերից որևէ ծավալ ընդհանրապես չի արտահանվում Ռուսաստան, դրա առավելագույն ազդեցությունը մեր փորձագետների գնահատականով կազմում է մոտ 1,8-2 տոկոսի սահմաններում՝ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ասել է Քթոյանը: Այս գնահատականը հրապարայնորեն հնչեցրել էր նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անցյալ ամիս։

Քթոյանի խոսքով՝ այս ցուցանիշը ներկայացնում է ծայրահեղ սցենար, երբ հայաստանյան արտադրողները այլընտրանքային շուկաներ չեն գտնում նախկինում Ռուսաստան արտահանվող ապրանքների համար։ Նա հավելել է, որ կառավարությունն արդեն հայտարարել է աջակցության միջոցառումների մասին՝ արտահանողներին օգնելու վերամշակել և վերաուղղորդելու ռուսական սահմանափակումներին ենթարկված ապրանքները, թեև այդ միջոցառումների ազդեցությունը դեռ գնահատված չէ։

Քթոյանը զգուշացրել է, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա, եթե սահմանափակումները տարածվեն ոչ միայն Հայաստանից Ռուսաստան արտահանման, այլև Ռուսաստանից Հայաստան ներմուծումների վրա, մասնավորապես՝ էներգետիկայի և ֆինանսական փոխանցումների ոլորտներում։ Ըստ նրա՝ Ռուսաստանն արդեն պաշտոնական նամակ է ուղարկել՝ զգուշացնելով, որ կարող է վերանայել գազի մատակարարման պայմանագրի պայմանները։  

Հայաստանը Ռուսաստանից գազը ներկրում է 165 դոլար/1000 խմ գնով։ Գինը, կախված գազի ջերմատվութունից, կարող է փոխվել։ Պաշտոնական վերջին տվյալներով այն կազմել է 177,5 դոլար։ Սա էապես ցածր է եվրոպական շուկայում վաճառվող գազի գնից, որտեղ այն կազմում է 400-600 դոլար։

Ապրիլի սզկբին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնարկել էր Հայաստանի համար գազի գնի բարձրացման մասին՝ հիշեցնելով եվրոպական շուկայի գները։

Քթոյանի խոսքով՝ թեև Կենտրոնական բանկը դեռ կոնկրետ սցենար չի մոդելավորել, բայց եթե տեղի ունենա գազի գնի կրկնապատկում կամ եռապատկում, այն էապես կազդի Հայաստանի տնտեսության վրա։

Նա նշել է, որ Հայաստանն արդեն նվազեցրել է կախվածությունը ռուսական բենզինի և դիզվառելիքի ներմուծումից վերջին տարվա ընթացքում, ինչը կօգնի մեղմել գազի շուկայում հնարավոր նմանատիպ փոփոխության ազդեցությունը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում