Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ նախատեսում է վերացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեի համար ստեղծված երկու պետական պաշտոնները։ Մդինարաձեն վերջերս հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից։ Խոսքը Իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնի մասին է, որը նա կարճ ժամանակ զբաղեցրել էր, և Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոնի, որը դեռ վերջնականապես չէր ստեղծվել։
Օգոստոսի 31-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կվերացվի Իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնը, որը Մդինարաձեն զբաղեցրել է 2026-ի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 29-ը։ Դրանից հետո նա մինչև օգոստոսի 27-ը զբաղեցրել է Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։
Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոնը, որը հայտարարվել էր որպես Մդինարաձեի հաջորդ պաշտոն, նույնպես այլևս չի ստեղծվի։
Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից
Պապուաշվիլին նաև հայտարարել է, որ Տարածաշրջանային զարգացման նախարարությունն ու Ենթակառուցվածքների նախարարությունը կմիավորվեն մեկ գերատեսչության մեջ։ Միավորված կառույցը կղեկավարի ներկայիս ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։
Լրագրողների հարցին, թե ինչու է իշխող կուսակցությունը փոխել Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն ստեղծելու որոշումը, Պապուաշվիլին պատասխանել է, որ այդ պաշտոնները ստեղծվել էին՝ հաշվի առնելով Մդինարաձեի «անձնական կարողությունները»։
«Հենց սկզբից ասվել էր, որ այն ժամանակ վարչապետի կողմից Մամուկա Մդինարաձեին տրված՝ իրավապահ մարմինների համակարգման խնդիրները հիմնված էին նրա անձնական կարողությունների վրա։ Նա այդ գործառույթը շատ լավ կատարեց, և այսօր այդ համակարգումը շատ լավ կազմակերպված է։ Ցանկություն կար նույնը անել նաև տարածաշրջանային ուղղությամբ համակարգման հարցում»,- ասել է նա։
«Քանի որ Մամուկա Մդինարաձեն որոշել է հեռանալ քաղաքականությունից, դրա անհրաժեշտությունն այլևս չկա»,- ասել է Պապուաշվիլին՝ հավելելով, որ խորհրդարանն առաջիկա նստաշրջանում կքննարկի կառավարության հետագա փոփոխությունները։
Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն ստեղծելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի քվեարկությունը։ Քանի որ խորհրդարանն ամառային արձակուրդում էր, նախատեսվում էր, որ Մդինարաձեն պաշտոնը կստանձնի սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում։
Սակայն օգոստոսի 27-ին Մդինարաձեն անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։
Նրա հրաժարականը տեղի ունեցավ, երբ բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնեց, որ «[«Վրացական երազանքի» հիմնադիր] Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ» և Մդինարաձեի միջնորդությամբ իրեն ճնշել են՝ ստիպելով խոստովանել կոռուպցիոն հանցանքներ, որպեսզի ապագայում չվերադառնա քաղաքականություն։
Մդինարաձեն հերքել էր այդ պնդումները՝ հայտարարելով, որ երբեք Ղարիբաշվիլիին նամակ չի ուղարկել։
Մդինարաձեն հայտնի է դարձել 2016-2025-ին՝ որպես «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ՝ դառնալով իշխող կուսակցության ամենաճանաչված դեմքերից մեկը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մդինարաձեն երեք տարբեր պաշտոն է զբաղեցրել։
2025-ի սեպտեմբերին նա նշանակվել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար՝ երկրի ներքին հետախուզական կառույցը ղեկավարելով ավելի քան վեց ամիս։
Ապրիլի 21-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Մդինարաձեն կդառնա փոխվարչապետ և Իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար։
ՊԱԾ-ից հեռանալուց հետո պետական նախարարի պաշտոնում նրա նշանակումը իշխող շրջանակներում հարցեր էր առաջացրել՝ կապված նրա ազդեցության հնարավոր նվազման հետ։
Հուլիսի 29-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ Մդինարաձեն կդառնա Տարածաշրջանային քաղաքականության պետական նախարար։ Նոր պաշտոնը նախատեսվում էր ստեղծել սեպտեմբերին, սակայն դրանից հետո Մդինարաձեն նշանակվել էր Տարածաշրջանային զարգացման նախարար։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել












