Հայկական մեդիայում հաճախ կարելի է հանդիպել ամենատարբեր կանխատեսումների՝ սկսած առաջիկա պաշտոնանկություններից մինչև արտաքին քաղաքական աշխարհացունց զարգացումներ։ Շատ դեպքերում դրանք ուղեկցվում են հստակ ժամկետներով։ Բայց արդյոք կանխատեսումներն իրականանո՞ւմ են։ #CivilNetCheck-ը վերանայել է վերջին ամիսներին հրապարակված նման պնդումներն ու արձանագրել, որ դրանց մեծ մասը իրականություն չեն դարձել։
Հայաստանը չի երկարացնելու ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը
Կանխատեսում․ «Հրապարակ» օրաթերթը 2024-ի նոյեմբերին գրել էր, թե Հայաստանն առաջիկայում չի երկարացնի Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը, որի երկամյա մանդատն ավարտվում էր 2025-ի փետրվարին։
«Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը»,- գրել էր թերթը։
Իրականություն․ ԵՄ դիտորդների երկամյա ժամկետը մեկնարկել էր 2023-ին, մինչ այդ նրանք երկամսյա մանդատով էին դիտորդություն իրականացնում ՀՀ սահմաններին։ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շարունակման վերաբերյալ որոշումը կախված է ոչ միայն Հայաստանից, այլև հենց ԵՄ-ից։ Եվ չնայած կանխատեսումներին՝ 2025-ի հունվարին հայտարարվեց, որ ԵՄ առաքելությունը ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը, դիտորդություն կիրականացնի ՀՀ սահմաններին։

Ռուս սահմանապահները դուրս կգան հայ-թուրքական սահմանից
Կանխատեսում․ «Հրապարակ» օրաթերթն այս տարվա հունվարի 30-ին գրեց, թե իշխանությունների օրակարգում հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցն է դրված։ Լրատվամիջոցն անգամ հստակ ժամկետներ էր նշել, որ խնդիր է դրված մինչև ուկրաինական կոնֆլիկտի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտը լուծել այդ հարցը։ Թերթը նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շրջանակում փետրվարին սպասվող ամերիկյան սահմանային հսկողության խմբի Հայաստան գալն է դրա հետ կապել։
«Դա նշանակում է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի մաքսային ու սահմանային հսկողությունն ամերիկյան մասնագետներն են կառավարելու։ Թե հարևան Իրանն ինչպես է սրան վերաբերվելու, կարող ենք դատել եվրադիտորդների գործունեությանը տրված գնահատականներից»,- գրել էր թերթը։
Իրականություն․ Ռուս սահմանապահները դուրս եկան «Զվարթնոց» օդանավակայանից 2024-ի հուլիսին, իսկ 2025-ի հունվարին Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են ծառայությունը՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին։ 2025-ի հունվարից նրանց հետ միասին սահմանի պահպանությանը մասնակցում են նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
Ուկրաինական կոնֆլիկտի հարցով ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվեցին փետրվարի 18-ին։ Իսկ ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության խումբը դեռ չի ժամանել Հայաստան։

«Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում է լինելու»
Կանխատեսում․ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, ապրիլի 11-ին գրել էր, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ըստ ռուսական շրջանակներից մեզ փոխանցված տեղեկության՝ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ»,- գրել էր թերթը:
Իրականություն․ հրապարակումից հետո վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել էր մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով եռակողմ հանդիպման վերաբերյալ լուրերը։ Իսկ ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առհասարակ չեղարկեց Մոսկվա մեկնելու և Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերը։ Ղազախստանի երկրորդ քաղաք Ալմա-Աթայում որևէ փաստաթուղթ չստորագրվեց։

Վարդան Ղուկասյանին ընտրություններից մեկ ամիս հետո կալանավորելու են
Կանխատեսում․ «Իրավունք» թերթն ապրիլի 15-ին գրել էր, թե իշխանությունները «առաջիկայում» կալանավորելու են Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնող Վարդան Ղուկասյանին, որը թեև ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն էր զբաղեցրել, սակայն ավագանու սպասվող նիստում ընտրվելու էր համայնքապետ։
«Կսպասեն մինչև ընտրվելը, մեկ ամսվա չափ կանցնի, ուշադրությունը կսկսի թուլանալ, այդ ընթացքում Վարդանիկը, իհարկե, կհասցնի աչքի ընկնել, և արդեն կգա կալանքի ժամանակը»,- գրել էր թերթը։
Իրականություն․ Վարդան Ղուկասյանը ապրիլի 19-ին ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։
Գյումրիի համայնքապետի ընտրություններից օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվել էր ձայնագրություն, որտեղ, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը շուկայի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին է խոսում՝ հիշեցնելով, որ ինքն է նրանց տաղավարներ տրամադրել։ Թեև ենթադրյալ ձայնագրության հետ կապված քրեական գործ է հարուցվել, սակայն դատախազությունից հայտնում են, որ դեռ նախաքննության փուլում է։ Այնուամենայնիվ, թերթի կանխատեսումը չիրականացավ, և Վարդան Ղուկասյանը հունիսի 16-ի դրությամբ չի կալանավորվել։

Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից
Կանխատեսում․ «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլին գրել էր, թե առաջիկա օրերին դատախազությունը մեղադրանք է առաջադրելու քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով»,- գրել էր թերթը:
Իրականություն․ տարածված լուրից օրեր անց Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե վստահ է, որ ԱՆԻՖ-ի գործով իր հետ իր դեմ իրավական գործընթաց չի կարող լինել։
«Առաջիկա օրերին», ինչպես գրել էր թերթը, դատախազը մեղադրանք չառաջադրեց Ավինյանին։

Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ կանեն խաղաղության պայմանագրի շուրջ աղմուկը ցրելու համար
Կանխատեսում․ «Իրավունք» թերթը մարտին, երբ ակտիվ քննարկվում էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցը, գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կառավարությունում փոփոխություններ անել՝ դրա շուրջ ստեղծված աղմուկը ցրելու համար։
«Շուտով գահընկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը»,- գրել էր կայքը:
Իրականություն․ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը մարտին հայտնեց, թե խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Անահիտ Ավանեսյանը շարունակում է զբաղեցնել առողջապահության նախարարի պաշտոնը։ Համենայնդեպս, այդ պահին համաձայնագրի շուրջ ստեղծված աղմուկը ցրելու համար նախարարը չհեռացվեց պաշտոնից։
Այսպիսով, լրատվամիջոցների կանխատեսումներն ու «հավաստի աղբյուրներից» ստացված տեղեկությունները հաճախ փաստացի անհիմն են դուրս գալիս։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











