Գլխավոր Լրահոս

Հայաստանցիներին Սամվել Կարապետյանի դիփֆեյքով թիրախավորող նոր խարդախություն

Հայաստանցիներին Սամվել Կարապետյանի դիփֆեյքով թիրախավորող նոր խարդախություն

Հայկ Հովհաննիսյան

Meta-ի հարթակներում՝ Facebook-ում ու Instagram-ում, վերջին օրերին ակտիվորեն տարածվում է գովազդային տեսանյութ, որը թիրախավորում է հայաստանցիներին՝ խոստանալով հսկայական եկամուտ «Տրոյկա» ներդրումային հարթակի միջոցով։ 

Տարածվող տեսանյութում իբր Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի լրատվական թողարկումն է, որում հաղորդավարի պատկերով ստեղծված դիփֆեյքը հայտնում է, որ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը ստեղծել է հատուկ հարթակ հայաստանցիների համար։

Այնուհետև տեսանյութում հայտնվում է հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կերպարով պատկերը, որը հայտարարում է, թե «վերցնում է պատասխանատվություն» մի ներդրումային հարթակի համար, որտեղ յուրաքանչյուր հայ «կարող է վաստակել նվազագույնը շաբաթական 220,000 դրամ»։

Սոցցանցերում տարածվող՝ Սամվել Կարապետյանի դիփֆեյքով կեղծ տեսանյութը

Ինչպես են գործում զեղծարարները

Զեղծարարներն օգտագործել են արհեստական բանականության գործիքներ՝ Սամվել Կարապետյանի ձայնը կրկնօրինակելու և նրան խոսքեր վերագրելու համար։ Կեղծ տեսանյութում օգտագործված հատվածը վերցված է 2024 թվականի մայիսին անցկացված Հայկական բիզնես ֆորումի տեսագրությունից, որում չի քննարկվում որևէ ներդրումային հարթակ։

Ուշագրավ է, որ զեղծարարները որպես «ներդրումային հարթակ» ներկայացնում են ոչ թե Սամվել Կարապետյանին պատկանող հայտնի «Տաշիր գրուպը», այլ վաղուց լուծարված «Տրոյկա դիալոգը», որը կապված էր ներկայում Բաքվում գերության մեջ գտնվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Բացի այդ, հենց ինքը՝ Սամվել Կարապետյանը, դեռ 2025-ի հունիսից Հայաստանում անազատության մեջ է։

Տեսանյութին կից հղումը տանում է willowstoneharbor[.]ink հասցեով կասկածելի կայք, որտեղ խոստանում են «շաբաթական 220,000 դրամից սկսած եկամուտ»՝ առանց որևէ ջանքերի։

Էկրանապատկերում՝ զեղծարարների ստեղծված willowstoneharbor[.]ink կայքը

Համաձայն WHOIS տվյալների՝ կայքը գրանցվել է NameCheap ռեգիստրատորի միջոցով  երկու ամիս առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 9-ին, իսկ սեփականատիրոջ տվյալները թաքցված են։ Խարդախները հաճախ են օգտագործում նման տարօրինակ դոմենային անվանումներ՝ պարբերաբար դրանք փոխելով։

Կայքում անձնական տվյալները՝ այդ թվում հեռախոսահամարը լրացնելուց հետո զոհին սկսում են զանգահարել այսպես կոչված «մենեջերները» կամ «բիզնես խորհրդատուները», և համոզում կատարել «նվազագույն ներդրում», որը սովորաբար կազմում է 100-300 դոլար։

Խարդախները կարող են նույնիսկ զոհերին «շահույթ» ցույց տալ անձնական էջում՝ համոզելու համար ավելի մեծ գումար ներդնել։ Սակայն երբ զոհը փորձում է հետ վերցնել իր գումարները, սկսվում են խնդիրները. նախ նրանք պահանջում են իրենց ուղարկել գումարի դուրսբերման «հարկը» կամ «միջնորդավճարները»՝ զոհից առավել շատ գումար կորզելու համար։ Հետո «մենեջերները» պարզապես դադարում են պատասխանել։

Դիփֆեյք տեխնոլոգիայի վտանգավոր զարգացումը

Արհեստական բանականության զարգացումը հեշտացրել է համոզիչ կեղծիքների ստեղծումը։ Զեղծարարներն օգտագործում են գեներատիվ արհեստական բանականության գործիքներ՝ ստեղծելու ավելի ու ավելի իրատեսական դիփֆեյքեր։ Վերջին շրջանում տարածված ֆինանսական խարդախությունների հետ կախված կեղծ տեսանյութերում օգտագործվում են նաև հայերեն որակյալ սինթեզված ձայներ՝ տեսանյութերը հայաստանցի օգտատերերի համար ավելի համոզիչ դարձնելով։

Տես՝ Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք

Ուշագրավ է, որ 2021-2022 թվականներին Մեծ Բրիտանիայի բանկերից մեկի տվյալները ցույց են տվել, որ խարդախության դեպքերի 80 տոկոսը կապված է եղել Meta-ին պատկանող հարթակների հետ։ Միաժամանակ Հայաստանում ամենատարածված սոցիալական հարթակները հենց Facebook-ն ու Instagram-ն են։

Կարևոր է հիշել, որ իրական ներդրումային ընկերությունները կամ առցանց հարթակները երբեք չեն խոստանում երաշխավորված բարձր եկամուտներ։ Ցանկացած առաջարկ, որը թվում է չափազանց լավ, հավանաբար խարդախություն է։ 

Ավելի վաղ #CivilNetCheck-ը բացահայտել էր նմանատիպ խարդախություններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գործարարներ Նուբար Աֆեյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, հաղորդավարուհի Թինա Կանդելակիի, հումորիստներ Պավել Վոլյայի և Վաչե Թովմասյանի և այլ հայտնիների անունից։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում