Գլխավոր Լրահոս

Նոր խարդախություն՝ Նուբար Աֆեյանի և «Գազպրոմ Արմենիա»-ի անունից

Նոր խարդախություն՝ Նուբար Աֆեյանի և «Գազպրոմ Արմենիա»-ի անունից

Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում տարածվում է ֆինանսական նոր խարդախություն՝ այս անգամ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի և Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Տաթև Դանիելյանի կերպարներով։ 

Meta-ի հարթակներում՝ Facebook-ում և Instagram-ում գովազդների միջոցով հայաստանցի օգտատերերին ցուցադրվում են արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր, որոնցում խոստանում են հսկայական եկամուտներ՝ ուղղորդելով կեղծ ներդրումային հարթակներ։ 

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և ներկայացնում է սոցցանցերում տարածվող խարդախության սխեմաները։

«Հայաստանի բնակիչների համար հարթակ». ինչպես է գործում Աֆեյանի դիփֆեյքով խարդախությունը

Շրջանառվող կեղծ տեսանյութերում օգտագործվում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» տարբերանշանը։ Տեսանյութը պատրաստված է «դիփֆեյք» (deepfake) տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս արհեստականորեն վերարտադրել կամ փոփոխել անձանց դեմքերն ու ձայները։

Հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի կերպարը ռուսերենով հայտարարում է հայտնի գործարար Նուբար Աֆեյանի՝ Հայաստանի բնակիչների համար ստեղծած հատուկ ներդրումային հարթակի մասին։ Այնուհետև հայտնվում է Նուբար Աֆեյանի դիփֆեյքը, որը նույնպես ռուսերենով կոչ է անում միանալ ծրագրին՝ խոստանալով հայաստանցիներին բարձր եկամուտներ։

«Բոլորն արդեն բավականաչափ լսել են իմ ներդրումային ֆոնդի մասին։ Մենք շարունակում ենք զարգացնել այն և հասել ենք այն մակարդակի, որ ստեղծել ենք լիարժեք հարթակ, որի շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա լրացուցիչ եկամուտ ունենալ»,- ասում է Աֆեյանի ձայնը նմանակող կերպարը։

Սոցցանցերում՝ Նուբար Աֆեյանի և Տաթևիկ Դանիելյանի դիփֆեյքով կեղծ տեսանյութը

Իրականում Նուբար Աֆեյանը հայաստանցիների համար որևէ ներդրումային հարթակ չի ստեղծել, իսկ Տաթև Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերությունը դրա մասին երբեք չեն հայտարարել։ Տեսանյութերում նկատելի են դիփֆեյքին բնորոշ տեխնիկական թերությունները. շուրթերի շարժումները բնական չեն և չեն համընկնում ձայնի հետ, որը հնչում է միօրինակ՝ ռոբոտացված կամ անբնական հնչերանգով։

Meta Ad Library-ի տվյալների համաձայն՝ այս գովազդները թիրախավորում են 25 և բարձր տարիքի, ռուսերեն հաղորդակցվող հայաստանցի օգտատերերին։

Գրառումներում տեսանյութերին կից հղումները տանում են silverwillowrise[.]biz և համանման այլ կասկածելի կայքեր, որոնք ներկայանում են «Тройка Диалог» (Տրոյկա Դիալոգ) անունով։ Սա ռուսական հայտնի ներդրումային բանկի անվանումն է, որը վաղուց դադարեցրել է գործունեությունը և որևէ կապ չունի Աֆեյանի հետ։

Վստահություն ներշնչելու համար խարդախները կայքում տեղադրել են նաև «ԱյՍի Արմենիա» (IC Armenia) ապահովագրական ընկերության տարբերանշանը։ Ընկերությունը, սակայն, որևէ կապ չունի ներկայացված կեղծ ներդրումային ծրագրի հետ։

Էկրանապատկերում՝ կեղծ «Տրոյկա Դիալոգի» silverwillowrise[.]biz հասցեով կայքը

Համանման կեղծ ներդրումային կայքերի հիմնական նպատակը զոհերի անձնական տվյալների՝ անուն, ազգանուն և հեռախոսահամարի հավաքագրումն է։ Այս տվյալները լրացնելուց հետո օգտատերերը ստանում են զանգեր խարդախներից, որոնք տարբեր պատրվակներով փորձում են գումար կորզել։ Whois տվյալների համաձայն՝ կայք ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ՝ 2025-ի օգոստոսի 27-ին։ 

Շաբաթներ առաջ տարածվում էր մեկ այլ համանման տեսանյութ՝ կրկին գովազդելով այլ կեղծ ներդրումային հարթակ. դրանում օգտագործվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիփֆեյքը։

Տես «Փաշինյանի դիփֆեյքը ռուսերենով ներդրումային հարթակ է գովազդում»

«Գազպրոմբանկ Արմենիա». գոյություն չունեցող բանկի անունով խարդախություն

Սոցցանցերում խարդախությունների միայն այս տեսակը չէ, որ վերջին օրերին ակտիվ է։ Տարածվում է մեկ այլ կեղծ գովազդային տեսանյութ՝ «Գազպրոմբանկ Արմենիա» անունից, որը խոստանում է ներդրումային հնարավորություններ հայաստանցիների համար։ Խարդախները այս դեպքում օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարբերանշանը, որը գազի մատակարար ընկերություն է, ոչ թե բանկ։

Էկրանապատկերում՝ «Գազպրոմբանկ Հայաստան» կեղծ գովազդը

Ուշագրավ է, որ «Գազպրոմբանկ Հայաստան» անունով բանկ Հայաստանում գոյություն չունի։ Դեռ 2016-ին «Գազպրոմ»-ին պատկանող «Արեքսիմբանկի» հայաստանյան մասնաճյուղը գնվել է «Արդշինբանկի» կողմից և վերանվանվել։

Հղումները տանում են նորաստեղծ կասկածելի կայքեր, ինչպիսիք են miralovento[.]com, usinsevt[.]store-ը կամ profitdetektor[.]sbs-ը, որոնց մի մասը այս պահին արդեն հասանելի չէ։

Էկրանապատկերում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի անունից հանդես եկեղ կեղծ կայքը

«Գազպրոմբանկի» անունից իրականացվող խարդախությունները նոր չեն։ Դեռ 2023-ին Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես զգուշացրել էր խարդախների մասին, որոնք «Գազպրոմ Արմենիա»-ի անունից ներդրումների անվան տակ փորձում էին գումար կորզել հայաստանցի օգտատերերից։

Ավելի վաղ #CivilNetCheck-ը բացահայտել է նմանատիպ խարդախություններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, հաղորդավարուհի Թինա Կանդելակիի, հումորիստներ Պավել Վոլյայի և Վաչե Թովմասյանի և այլ հայտնի անձանց մասնակցությամբ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում