Կեղծ «վիլլաներ», հորինված «հայկական արմատներ», AI-ով գեներացված ֆինանսական թակարդներ և ընտրական մանիպուլյացիաներ։
#CivilNetCheck-ն ամփոփում է 2025-ի ամենաաղմկահարույց կեղծիքները՝ ցույց տալով, թե ինչպես էին փորձում մոլորեցնել հանրությանը և ինչու է կարևոր 2026-ին ավելի զգոն լինելը։
2025 թվականին տեղեկատվական դաշտը հագեցած էր կեղծ տեղեկություններով ու ապատեղեկատվությամբ, որոնք շրջանառվում էին ինչպես համացանցում, այնպես էլ լրատվամիջոցներում։ Դրանք հաճախ ծառայել են տարբեր նպատակների՝ ֆինանսական խարդախություններից մինչև քաղաքական մանիպուլյացիաներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ամփոփել է տարվա ընթացքում ամենաշատ տարածված կեղծիքները։
Անցնող տարում հատկապես տարածված էին արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիքները։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը հնարավորություն է տվել զեղծարարներին հասնել այնպիսի որակի, որ մարդու դեմքի և ձայնի կեղծումը հաճախ դժվար է տարբերել իրականից։ Այդ նպատակով կիրառվում է «դիփֆեյք» (deepfake) տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ստեղծել իրական մարդկանց կերպարով և ձայնով կեղծ տեսանյութեր։
Ֆինանսական խարդախություններ և դիփֆեյքերի գրոհը
Սոցիալական ցանցերում հաճախ էին հայտնվում Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ հոլովակներ, որոնցում նրանք կոչ էին անում մարդկանց գումար ներդնել ինչ-որ կասկածելի հարթակներում՝ խոստանալով արագ հարստանալ։
Բազմաթիվ դեպքերում զեղծարարները օգտագործել են իրական լրատվական հաղորդումների տեսանյութեր՝ դրանք խմբագրելով այնպես, որ թվում էր, թե հայտնի անձը հարցազրույցի ժամանակ գովազդում է տվյալ ներդրումային ծրագիրը։ Իրականում այդ հարթակները կեղծ էին և ստեղծվել էին հայաստանցիներից գումարներ կորզելու նպատակով։
Տես՝ Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք
Զուգահեռաբար տարածվում էր նաև «հետվերադարձի խարդախությունը», որի ընթացքում օգտագործվում էր Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կերպարը։ Զեղծարարները նրա դեմքով և ձայնով կեղծ տեսանյութ էին պատրաստել, որտեղ նա իբր խոստանում էր իրավաբանական աջակցություն այն մարդկանց, որոնք արդեն տուժել էին խաբեբաներից։ Իրականում այս սխեման ևս նպատակ ուներ կրկնակի խաբեությամբ տուժածներից նորից գումարներ կորզել։
Խաբեբաների թիրախում էին հայտնվել նաև հայտնի մարզիկները, բժիշկներն ու լրագրողները։ Նրանց անունից համացանցում գովազդվում էին տարբեր «դեղամիջոցներ», որոնք իբրև թե «հրաշագործ» հատկություններ ունեն ու բուժում են բարդ հիվանդությունները։ Լրատվական հաղորդումների կադրերը մոնտաժվում էին այնպես, որ տպավորություն ստեղծվեր, թե հայտնի մարդը հարցազրույցի ժամանակ գովաբանում է այդ դեղը։ Իրականում այդ անձինք երբեք նման հայտարարություններ չեն արել, իսկ տեսանյութերը կեղծ և մոլորեցնող էին։
Կարդա նաև՝ Հայտնի անձանց դիփֆեյքերը գովազդում են կեղծ ներդրումներ և կասկածելի դեղամիջոցներ
Անցնող տարին աչքի ընկավ նաև զվարճալի կեղծիքներով։ Մամուլը այս տարի ևս փորձեց համաշխարհային հայտնի անձանց հայկական արմատներ վերագրել։ Նախ լուրեր տարածվեցին, թե Հռոմի նոր պապը հայ է, ապա Անգելա Մերկելին կնքեցին «Այծեմնիկ Մերգելյան» անվամբ, իսկ վերջում հերթը հասավ Ջորջիո Արմանիին: #CivilNetCheck-ը ստիպված էր հիասթափեցնել՝ նրանցից ոչ ոք հայկական ծագում չունի։
Եթե հավատայինք մամուլի որոշ հրապարակումներին, ապա Հայաստանը շուտով պետք է սկսեր տիեզերանավերի ու օդանավերի արտադրություն։ Այդ հայտարարությունը վերագրվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Սակայն իրականում նախարարը նման բան չէր ասել, և լրատվամիջոցները պարզապես աղավաղել էին նրա խոսքերը։
Հորինված «բացահայտումներ» և հետաքննություններ
2025-ին Հայաստանը դարձավ արտաքին կազմակերպված ապատեղեկատվական արշավների թիրախ։ Այսպես, ռուսական ծագում ունեցող ցանցերը տարածեցին հորինված պատմություններ, թե Հայաստանում իբր գործում են 25 000 բանտարկյալով «համակենտրոնացման ճամբարներ»։
Ավելի ուշ տարածվեց կեղծիք, թե եվրոպական ընկերությունները վտանգավոր փորձարկումներ են անում հայ երեխաների ու հղիների վրա։ Ֆրանսիային էլ մեղադրեցին Դիլիջանի ազգային պարկում միջուկային թափոններ թաղելու մեջ։
Նույն ապատեղեկատվական ցանցերը թիրախավորել էին նաև հայաստանյան պաշտոնյաներին։ Ալեն Սիմոնյանին մեղադրում էին «մանկապղծության ցանց» ստեղծելու մեջ, իսկ Սուրեն Պապիկյանին ու վարչապետին՝ «անչափահասների թրաֆիքինգի» մեջ ներգրավված լինելու։ Այս պնդումները որևէ փաստական հիմք չունեին։
Տես՝ Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր
Վարչապետ Փաշինյանին նաև վերագրում էին 3.1 մլն եվրո արժողությամբ վիլլա Մարսելում և առանձնատուն Կանադայում, իսկ Աննա Հակոբյանին՝ 3.4 մլն դոլարի հափշտակություն «Ժպիտների քաղաք» հիմնադրամից։ Մեր հետաքննությունները ցույց տվեցին, որ այս տեղեկությունները որևէ փաստական հիմք չունեն․ սկզբնաղբյուր կայքերը կեղծ էին, իսկ հոդվածների հեղինակները՝ հորինված։
Թիրախում հայտնվել էին նաև արևմտյան առաջնորդները։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մեղադրել էին գնացքում արգելված նյութեր օգտագործելու մեջ։ Որպես «ապացույց» շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ սեղանին երևում էր սպիտակ փոշենման զանգված։ Սակայն ուշադիր դիտարկման արդյունքում պարզվեց, որ դա պարզապես սովորական թղթե անձեռոցիկ էր։
Հայկական մեդիատիրույթում լայն տարածում էր ստացել նաև Եվրամիության առաջնորդների մի լուսանկար, որում նրանք իբր «խեղճացած նստած» սպասում էին Դոնալդ Թրամփի ընդունելությանը Սպիտակ տան միջանցքում։ Պարզվեց, որ այս պատկերը ևս ստեղծվել էր արհեստական բանականության միջոցով։ Ուշագրավ է, որ այս կեղծիքին հավատացել էր անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Կեղծիքներ և պաշտոնական մանիպուլյացիաներ
Մեդիադաշտ նետվեցին նաև զգայուն թեմաներով կեղծ լուրեր։ Մեծ աղմուկ բարձրացրեց լուրը, թե իբր Թուրքիան Անիի մայր տաճարը վերածելու է մզկիթի, մինչդեռ այնտեղ պարզապես վերականգնողական աշխատանքներ էին։
Տարածվել էր նաև տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը իբր Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով Հայաստանում «պետբյուջեի հաշվին կառուցելու է 10 մզկիթ»։ Սա, իհարկե, կեղծ լուր էր, որն անմիջապես հերքվեց։
Մեծ աղմուկ բարձրացրեց պնդումը, թե Ադրբեջանում ավարտվել է ավելի քան 100,000 «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը և նրանց տրամադրվել են ID քարտեր։ Իրականում դրանք Բաքվի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպության անդամության քարտեր էին, իսկ ցուցակների վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուր չկար։
Ապատեղեկատվության թիրախ դարձան նաև ընտրական գործընթացները։ Այսպես, Գյումրիի ընտրություններին ընդառաջ լուրեր տարածվեցին, թե իշխանությունը քաղաքում զանգվածաբար հնդիկների ու ջավախահայերի է գրանցում՝ ձայներ կորզելու համար։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը պարզեց, որ տեղեկությունն անհիմն է։
Կարդա՝ Գյումրիի ընտրություններին հնդիկների և ջավախահայերի զանգվածային գրանցումների լուրերն անհիմն են
Ավելի ուշ մեդիադաշտ նետվեց նոր կեղծիք՝ իբր Վրաստան-Թուրքիա սահմանին հայտնաբերվել են տասնյակ հազարավոր կեղծ հայկական անձնագրեր, որոնք իբր նախատեսված էին ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրականացնելու համար։ Այս տեղեկությունը պաշտոնապես հերքվեց՝ թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի կողմից։ Պարզվեց, որ սկզբնաղբյուրը յութուբյան ալիք է, որն իր արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի նկարագրությունում նշել էր, որ բովանդակությունը բացառապես ժամանցային է։
Կեղծ և մոլորեցնող հայտարարություններից զերծ չմնացին նաև պաշտոնյաները։ Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ոչ միայն Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքներ, այլև հայկական զորքերն են գտնվում Ադրբեջանի տարածքում՝ փորձելով դրանց միջև հավասարություն դնել։ Սակայն CivilNetCheck-ի քարտեզագրական վերլուծությունը ցույց տվեց, որ երկու կողմերի օկուպացված տարածքների չափերն անհամեմատելի են և չեն կարող դիտարկվել հավասարության նշանով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե լուծարված ԱՆԻՖ հիմնադրամը արդյունավետ է գործել՝ նշելով, որ պետությունը ֆոնդի վրա ծախսել է 4,19 միլիարդ դրամ և դրանից ավելի շատ հետ ստացել։ Մինչդեռ CivilNetCheck-ը պարզեց, որ պետությունը ԱՆԻՖ-ի վրա ընդհանուր առմամբ ծախսել է շուրջ 21 միլիարդ դրամ, իսկ ծրագրերի մեծ մասը ձախողվել է։
Կարդա նաև՝ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների
Այսպիսին էր 2025 թվականը՝ լի աղմկահարույց կեղծիքներով և ապատեղեկատվությամբ։ #CivilNetCheck-ը առաջիկա տարում շարունակելու է հետևել տեղեկատվական դաշտին և բացահայտել կեղծ լուրերը։
CivilNetCheck




